211652_close_icon
views-count1343 դիտում article-date 19:42 23-03-2022

ՀՀ խորհրդարանի մարդու իրավունքների պաշպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի պատվիրակությունը պաշտոնական այցով Արցախի Հանրապետությունում է

Այսօր՝ մարտի 23-ին, ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանն  ընդունել է պաշտոնական այցով Արցախ ժամանած ՀՀ խորհրդարանի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի գլխավորած պատվիրակությանը։

Ողջունելով  հայաստանյան գործընկերներին՝ ԱԺ նախագահը  նախ՝ անդրադարձ է կատարել  2020թ․ Աշնանային պատերազմին և հետպատերազմյան իրողություններին, ապա՝ խոսել ռուս- ուկրաինական պատերազմի զարգացումների, տարածաշրջանային ներկա  իրավիճակի և նոր մարտահրավերների մասին։

Հանդիպման ընթացքում  Արթուր Թովմասյանը խոսել է Արցախում գազատարի հետ կապված խնդիրների, Արցախի ճակատագրին առնչվող  այլ հարցերի շուրջ։

Խորհրդարանի ղեկավարն  ընդգծել է համազգային օրակարգ  ունենալու անհրաժեշտությունը և շեշտել լինել միասնական՝ անկախ քաղաքական դիրքորոշումներից, համախմբել ուժերը՝ ի նպաստ հայկական երկու հանրապետությունների։

Թագուհի Թովմասյանը  տեղեկացրել է, որ փաստահավաք  առաքելության նպատակով են այժմ Արցախում, որպեսզի տեղում ծանոթանան Արցախում ստեղծված հումանիտար  ճգնաժամին։ Միաժամանակ ներկայացրել  է  իր ղեկավարած հանձնաժողովի կատարած աշխատանքը՝ հատկապես Արցախի խնդիրների վերհանման ուղղությամբ, մատնանշել  հանձնաժողովի  հանրային և հրապարակային գործունեությունը։

Հանդիպումն այնուհետև շարունակվել է  ԱԺ «Արդարություն»  խմբակցության պատգամավորների հետ։

Խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանը շնորհակալություն է հայտնել պատվիրակության անդամներին՝ այս օրերին Արցախում գտնվելու և Արցախի խնդիրներով մտահոգվելու համար։

ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ  Թագուհի Թովմասյանն էլ իր հերթին  ընդգծել է հանձնաժողովի շրջանակներում իրականացվող հումանիտար խնդիրները միջազգային հարթակներում բարձրաձայնելու գործունեությունը։

Երկուստեք կարևորվել է այս բարդ իրավիճակում միասնական գործելու գաղափարը՝ անկախ քաղաքական տարաձայնություններից։

Հանդիպմանը քննարկվել են  անվտանգային հարցերին, աշխարհաքաղաքական նոր ազդակներին, հայկական զույգ հանրապետությունների խորհրդարանների փոխգործակցությանը վերաբերող հարցեր։

Նմանատիպ նյութեր