ԱՀ Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը մի շարք հարցեր է քննարկել ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
ԱՀ Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը ապրիլի 30-ին հանդիպել է ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին:
Պաշտպանը ներկայացրել է Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության գործունեության հիմնական ուղղությունները, բնագավառի հիմնախնդիրներն ու մարտահրավերները: Նա իր խոսքում շեշտադրել է, որ ՀՀ գործընկերները կարող են աջակցել Արցախին մարդու իրավունքների հիմնախնդիրների միջազգայնացման, միջազգային կազմակերպությունների ներգրավվածության, ինչպես նաև տեղի քաղաքացիական հասարակության կարողությունների զարգացման հարցում: Բարձր գնահատելով ՀՀ կողմից մինչ այժմ կատարված քայլերը՝ Պաշտպանը հույս է հայտնել, որ համատեղ ջանքերի շնորհիվ առաջիկայում շոշափելի արդյունքներ կարձանագրվեն այդ ուղղությամբ:
Ա.Բեգլարյանն ընդգծել է նաև, որ Արցախի Հանրապետության չճանաչվածության ու Ադրբեջանի հայատյացության քաղաքականության պատճառով բազմաթիվ իրավունքներ զանգվածայնորեն ու շարունակաբար խախտվում են:
Նա նշել է, որ ի հեճուկս մարդու իրավունքների համընդհանրության սկզբունքին՝ միջազգային հանրությունը պատշաճ ուշադրություն չի դարձնում Արցախում մարդու իրավունքների պաշտպանության և Արցախի միջազգային ընդգրկվածության վրա: