211652_close_icon

«Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ Խաղաղության պայմանագիր կստորագրվի միայն նոր աշխարհակարգի ձեւավորումից հետո». Aravot.am

views-count2707 դիտում article-date 15:47 22-03-2025
«Մինչ այդ Հայաստանը եւ, մեծ հաշվով, Ադրբեջանը հանդես են գալու որպես «մանրադրամ»։ Ի տարբերություն Հայաստանի, Ադրբեջանն ավելի լավ է ընկալում իրավիճակը եւ փորձում է առավելագույնը կորզել». 

«Առավոտի» զրուցակիցն է «Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ-ի նախագահ, հասարակական գործիչ Կարեն Հեքիմյանը:

-ՀՀ իշխանական շրջանակները, միջազգային հանրություն կոչվածը, ոգեւորված են՝ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագիրը, որը համաձայնագրի վերածվեց, պատրաստ է։ Նիկոլ Փաշինյանը հիմա էլ կստորագրի, անգամ միակողմանի, բայց Ալիեւը «վստահություն չունի» հայկական կողմի նկատմամբ, դա էլ հանգեցրել է «կիրթ» Ալիեւի ախորժակի մեծացման, հռետորաբանության կոշտացման։ Արհեստակա՞ն է տպավորությունը, որ Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակման հիմքեր է փորձում ստեղծել, թե՞ բանը դրան է հասնելու։

-Նախ՝ հարկավոր է հասկանալ, թե ի՞նչ է իրենից ներկայացնում, այսպես կոչված՝ «Խաղաղության պայմանագիրը»։ Ցավոք, գոնե՝ Հայաստանում, գրեթե չկա այդ իրավական ակտի բովանդակությանը եւ կետերին ծանոթ անձ։ Եվ, պարադոքսն այն է, որ մենք, չիմանալով դրա մանրամասները, բուռն քննարկումներ ենք կազմակերպում։ Ավելին՝ կարծում եմ, որ ոչ միայն հայ հասարակությունն, այլեւ ՀՀ օրվա բարձրագույն իշխանության ներկայացուցիչները, ընդհուպ Փաշինյան Նիկոլը, մանրամասն չգիտեն, թե ի՞նչ է գրված այդ փաստաթղթում։ Ենթադրում եմ՝ աշխարհի ինչ-որ բեւեռից կամ բեւեռներից կա փաստաթուղթ ստեղծելու հանձնարարական։ Եվ փաստաթուղթը ստեղծելու ընթացքում, անընդհատ հակասություններ են առաջանում բեւեռների միջեւ։ Ընդ որում, հակասությունները կարող են նաեւ ընդհանրապես կապված չլինել հայ-ադրբեջանական հակամարտության հետ։ Օրինակ՝ Հայաստանն ու Ադրբեջանը զբաղված են պայմանագրի տեքստի «խմբագրմամբ», իսկ այդ ընթացքում ԱՄՆ-ն անսպասելիորեն ռմբակոծում է հուսիթների դիրքերը, ինչին դեմ է Ռուսաստանը։ Այդ դեպքում, ռուս-ամերիկյան շփման էպիկենտրոնը տեղափոխվում է Եմեն եւ դրանով պայմանավորված շտկվում է հանձնարարականը, քանզի հուսիթների հետ կապված բեւեռների պայմանավորվածություններն աշխարհաքաղաքական իմաստով ավելի ծանրակշիռ են։ Եվ այսպես շարունակ։ Սիրիա, Ուկրաինա, հուսիթներ, Իրան, Իրաք, Լիբիա, Համաս, Հեզբոլահ… Ադրբեջանը եւ, առավելեւս՝ Հայաստանն աշխարհում չունեն մեծ կշիռ, հետեւաբար՝ պետք է սպասեն, մինչեւ ձեւավորվի նոր աշխարհակարգ։ Քանի որ Հայաստանի օրվա իշխանությունները թե դրսում, թե ներսում չունեն վստահության պաշար, ապա նրանք շտապում են։ Շտապում են ինչ-որ թուղթ ձեռք բերել, որպեսզի գոնե այդ թղթով աշխարհին ներկայանան։ Այսօր այդ թուղթը «Խաղաղության պայմանագիրն է», որը, ինչպես ասացի, կստորագրվի միայն նոր աշխարհակարգի ձեւավորումից հետո։ Մինչ այդ, Հայաստանը եւ, մեծ հաշվով, Ադրբեջանը հանդես են գալու որպես «մանրադրամ»։ Ի տարբերություն Հայաստանի, Ադրբեջանն ավելի լավ է ընկալում իրավիճակը եւ փորձում է առավելագույնը կորզել։

Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուրում:

Նմանատիպ նյութեր