211652_close_icon
views-count3870 դիտում article-date 10:45 19-03-2022

ԼՀԿ-ն կհեռանա ասպարեզից․ «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Անցնող շաբաթվա ընթացքում տեղի ունեցավ մի իրադարձություն, որն, ինչպես միշտ, 1-2 օր քննարկվեց եւ հետո, բնականաբար, մոռացվեց: Ես էլ դրան չէի անդրադառնա, եթե դա առիթ չլիներ խոսելու ընդհանրապես հայաստանյան քաղաքական մշակույթի մասին:

«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը պաշտոն ստացավ՝ վարչապետ Փաշինյանը նրան նշանակել է հատուկ հանձնարարությունների գծով դեսպան: Մարուքյանը հայտարարել է, որ այդպիսով սպասարկելու է Հայաստան պետության շահը: Քանի որ նրա գիտելիքների եւ հայրենասիրության վրա չեմ կասկածում, ուզում եմ հավատալ, որ այդպես էլ լինելու է: (Ուրիշ հարց, որ մեր երկրի իշխանությունն ինքը չգիտի, թե որն է այդ շահը՝ այդ առիթով խորհուրդ կտամ կարդալ նախկին արտգործնախախար Վարդան Օսկանյանի հոդվածը):

Բայց խնդիրն այստեղ անձնական չէ: Բացառված չէ, որ հայ դիվանագիտությունը Մարուքյանի նշանակումից շահելու է: Բայց քաղաքական դաշտն, իմ կարծիքով, դրանից տուժելու է, որովհետեւ, ըստ էության, դա նշանակում է կուսակցություններից մեկի՝ «Լուսավոր Հայաստանի» լուծարում: Իհարկե, զուտ ձեւականորեն նման քաղաքական կառույց կարող է գոյատեւել, բայց հիշենք, որ թղթի վրա այժմ Հայաստանում կան մի քանի տասնյակ կուսակցություններ, այդ թվում՝ «Օրինաց երկիրը», «Ազգային միաբանությունը», ՔԴՄ-ն, ԱԺՄ-ն եւ այլն: Խնդիրն այն է, որ Հայաստանում չի կարող լինել ընդդիմադիր կուսակցություն, որի ղեկավարը պետական պաշտոն ունի կամ, ինչպես այլ դեպքերում է լինում, խորհրդարանական իշխող խմբակցության անդամ է: Ինչպե՞ս եք դուք պատկերացնում, որ հատուկ հանձնարարություններով դեսպանի կուսակցությունը քննադատում է, ասենք, երկրի արտաքին քաղաքականությունը:

Երբ Մարուքյանը վայր կդնի կուսակցական տոմսը, միեւնույն է, «Լուսավոր Հայաստանը» շարունակելու է ընկալվել որպես «Մարուքյանի կուսակցություն»: Այդ կուսակցության անդամները չեն կարող քննադատել իշխանությանը, եւ եթե անգամ քննադատեն, դա անկեղծ չի հնչելու եւ նրանց «երեսով են տալու», որ իրենց «շեֆը» պետական պաշտոնյա է: Ի դեպ, կուսակցությունների լիդերների նման քայլերը նաեւ, այսպես ասած, «հետադարձ ուժ ունեն». մարդիկ հետին թվով սկսում են կասկածել՝ արդյո՞ք կուսակցականներն իրենց նախկին գործունեության ժամանակ անկեղծ էին: 

«Լուսավոր Հայաստանի» համար իշխանամետ կուսակցություն լինելն էլ անիմաստ է. «երկրորդ ՔՊ» կամ «ՔՊ շտրիխ» լինելը լուսավոր հեռանկար չի բացում: Ինչո՞ւ մարդիկ պետք է քվեարկեն «ՔՊ շտրիխին», երբ կա «ՔՊ»-ն: Դարձյալ հիշեցնեմ. Արտաշես Գեղամյանի կամ Արթուր Բաղդասարյանի կուսակցությունները կորցրեցին իրենց ընտրողներին, երբ հիշյալ գործիչները միացան իշխանությանը (բնականաբար, պետական շահը սպասարկելու նպատակով): Իհարկե, իշխանությունը կարող է կեղծիքներով անցկացնել իր «շտրիխ» կուսակցությունների ներկայացուցիչներին խորհրդարան: Բայց վստահ եմ, որ այդպիսի՛ պատգամավոր դառնալը Գեւորգ Գորգիսյանին, Անի Սամսոնյանին կամ Տարոն Սիմոնյանին չի հետաքրքրի:

․․․Իսկ ընդհանրապես ցավալի է, որ «Ժառանգությունից» հետո ասպարեզից հեռացավ ազատական գաղափարների ջատագով եւս մի կուսակցություն»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր