211652_close_icon
views-count1651 դիտում article-date 15:46 18-03-2022

Երեւանում կայացել է «Թափոնների կառավարումը Հայաստանում․ մարտահրավերներ եւ hնարավորություններ» խորագրով ֆորումը

Մարտի 17-ին տեղի ունեցավ «Թափոնների կառավարումը Հայաստանում․ մարտահրավերներ և hնարավորություններ» խորագրով ֆորումը, որը կազմակերպվել էր Բրիտանական դեսպանատան աջակցությամբ՝ Հայ-բրիտանական գործարարության պալատի հետ համատեղ։ Միջացառմանը բացման խոսքով հանդես եկան Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպան Ջոն Գալագերը, ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Աննա Մազմանյանը, Հայ-բրիտանական գործարարության պալատի գործադիր տնօրեն Դիանա Գազիյանը և ուրիշներ։

Քննարկման նպատակն էր ուսումնասիրել Հայաստանում թափոնների կառավարման կայունության խնդիրները և քաղաքականություն մշակողներին, հետազոտողներին ու մասնավոր հատվածին տեղեկատվության փոխանակման և քննարկման լայն հարթակ տրամադրել։ Ֆորումի ընթացքում ներկայացվեց Հայաստանում թափոնների կառավարման տնտեսական, կառավարման և քաղաքականության համատեքստը։ Ոլորտի մասնագետները գործնական խորհուրդներ և տեղեկություններ տրամադրեցին առկա հնարավորությունների վերաբերյալ:

Բացի այդ, միջոցառման մասնակիցները հնարավորություն ունեցան տեղեկանալու, թե ինչպես կարող է ծառայությունների մատուցման և պետական կարգավորման բրիտանական փորձը կիրառվել Հայաստանում՝ թափոնների ծավալի նվազեցման և կառավարման, ռեսուրսների օգտագործման արդյունավետության բարձրացման և դեպի շրջանաձև տնտեսություն անցումն ապահովելու նպատակով։ Միացյալ Թագավորությունը մեծ փորձ  ունի այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են հետազոտությունն ու նորարարությունը, թափոնների կառավարման տեխնոլոգիաների արտադրությունն ու կիրառումը, ինչպես նաև այդ ամենին աջակցելու համար անհրաժեշտ պետական քաղաքականությունն ու կարգավորումը։  

Կոնֆերանսին մասնակցեցին ՀՀ կառավարության, քաղաքացիական հասարակության, կրթական համայնքի, գործարար շրջանակի և միջազգային կառույցների ավելի քան 50 ներկայացուցիչներ, ովքեր ակտիվ դերակատարում ունեն թափոնների կառավարման և կլիմայի փոփոխության ոլորտում։

Միացյալ Թագավորության դեսպան Ջոն Գալագերն իր ողջույնի խոսքում նշեց․

«Հայաստանի համար ավելի կայուն ապագա ապահովելու համար հարկ է տնտեսական աճի անհրաժեշտությունը համադրել ածխածնի արտանետումները նվազեցնելու և շրջակա միջավայրը պաշտպանելու հավակնությունների հետ: Թափոնների ծավալների աճը դարձել է բնապահպանական, տնտեսական և առողջապահական լուրջ մարտահրավեր։ Այսուհանդերձ, թափոնների կայուն կառավարման միջոցով սոցիալ-տնտեսական և բնապահպանական արժեքներ ստեղծելու հնարավորությունը հիմնականում շարունակվում է չօգտագործված մնալ: Թափոնների կառավարման ավելի արդյունավետ համակարգի միջոցով հնարավոր է զգալիորեն խնայել պետական ծախսերը, որոնք կարող են վերաներդրվել ենթակառուցվածքների, առողջապահության և կրթության ոլորտներում: Միացյալ Թագավորությունը հանձնառու է օգնել Հայաստանին՝ մշակել թափոնների կառավարման նախաձեռնություններ, կանոնակարգեր՝ կառավարելու ռեսուրսների բաշխումը կամ վերաբաշխումը, ինչպես նաև աջակցել թափոնների տեսակավորման առաջադեմ սարքավորումների և հավաքման ենթակառուցվածքների ոլորտներում ներդրումներ կատարելուն»:

Հայ-բրիտանական գործարարության պալատի գործադիր տնօրեն Դիանա Գազիյանը նշեց․

«Հայաստանում թափոնների կառավարման հարցն առանձնահատուկ ուշադրության է արժանացել 2017թ․ Հայաստանի և ԵՄ-ի միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) ստորագրումից հետո, որով Հայաստանը պարտավորություն է ստանձնել մինչև 2023թ․ երկրում ներդնել Արտադրողի ընդլայնված պատասխանատվության համակարգը։ Այս ֆորումի նպատակն է քննարկել Հայաստանում թափոնների կառավարման ոլորտում տիրող իրավիճակը, մարտահրավերներն ու հնարավորությունները, ինչպես նաև մեր երկրում բրիտանական լավագույն փորձի կիրառման հնարավորությունները»:

Նմանատիպ նյութեր