211652_close_icon
views-count123865 դիտում article-date 23:14 17-03-2022

Ոստիկանները Երևանում՝ «Ծիրանի» ռեստորանային համալիրում, իրականացրել են հատուկ օպերացիա. հայտնաբերվել է 41-ամյա ճիվաղը, ով զոհված զինվորների ծնողներից խոշոր գումարներ է հափշտակել, խաբելով, որ Բաքվի բանտերից իր կապերի միջոցով կարող է գերիներին ազատել

Այսօր՝ մարտի 17-ին, ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության՝ վարչության պետ Արթուր Մկրտչյանի, ոստիկանության Մարտունու բաժնի՝ բաժնի պետ Ստեփան Հակոբյանի, ոստիկանության Շենգավիթի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները՝ բաժնի պետ Կարեն Բունիաթյանի գլխավորությամբ, Երևանում իրականացրել են հատուկ օպերացիա, որի շրջանակում վնասազերծվել ու ոստիկանության Մարտունու բաժին է բերման  ենթարկվել մի քաղաքացի:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը,  այդ քաղաքացին Սյունիքի մարզի բնակիչ, 41-ամյա Մարտին Հակոբջանյանն է, ով հետախուզման մեջ էր ՀՀ քրեական օրենսգրքի  178 հոդվածի  2-րդ մասի 2-րդ և 5-րդ կետերի հատկանիշներով:

Նրա նկատմամբ նշված քրեական գործը հարուցված է եղել ՀՀ ազգային անվտանգության  ծառայության քննչական դեպարտամենտում և դատարանի որոշմամբ նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանները Մ. Հակոբջանյանին հայտնաբերել են Շենգավիթ վարչական շրջանի Ներքին Չարբախի հասցեներից մեկում գործող « Ծիրանի» ռեստորանային համալիրի տարածքից:

Պարզվել է, որ նա 2021թ.-ի փետրվար, մարտ, ապրիլ ամիսներին 2020 թ.-ի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի Հանրապետության կողմից  Արցախի Հանրապետության դեմ սանձազերծած պատերազմի ժամանակ Գեղարքունիքի մարզի Մարտունի, Երևան, Աբովյան և Մասիս քաղաքների վարչական շրջաններում անհայտ կորած ժամկետային զինծառայողների հարազատներին խաբեությամբ մոլորության մեջ է  գցել և հավաստիացրել է, որ նրանց զինվորները  զոհված չեն և գտնվում են գերության մեջ՝ Բաքվի բանտերում:

Ճիվաղը մի քանի զինծառայողների  հարազատների էլ համոզել է,  որ իրենց որդիները գտնվում են  Բաքվի քաղաքացիական հիվանդանոցներում ու ինքը, Ադրբեջանում իր ընկերական կապերը օգտագործելով, կարող է գերության մեջ գտնվող զինվորներին տեղափոխել Վրաստան կամ Ռուսաստանի  Դաշնություն, որտեղից էլ Հայաստան:

Տականքը այդ կերպ կաշառք ստանալու պատրվակով, խարդախությամբ գումար հափշտակելու դիտավորությամբ պահանջել և բանկային փոխանցման  միջոցով անհայտ կորած ժամկետային զինծառայողների ծնողներից և հարազատներից ստացել է  առանձնապես խոշոր չափի գումար:

Գ. Շամշյանի  տեղեկություններով՝ այն կազմում է 1,5 մլն ՀՀ դրամից ավել:
 
Ոստիկանները  ունեն կասկածներ, որ հնարավոր է, սրբապիղծը այլ զոհվածի հարազատների էլ խաբած լինի:

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
 

Նմանատիպ նյութեր