211652_close_icon
views-count2459 դիտում article-date 10:34 17-03-2022

Իրենց մեծությունն է, ինչո՞ւ պիտի ուրիշին տային․ «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Մոտ մեկ ամիս առաջ ավագ սերնդի մեր նշանավոր արվեստագետները հանդիպեցին ՀՀ նախագահի պաշտոնակատար Ալեն Սիմոնյանի հետ: Համացանցում դա բուռն արձագանք գտավ ընդդիմադիր հայացքներ ունեցող օգտատերերի շրջանում: Ասեմ, որ այդ հանդիպման լուսանկարներն ինձ նույնպես մեծ ուրախություն չպատճառեցին: Բայց ինձ համար հարյուրապատիկ ավելի կարեւոր է, թե ինչ են այդ մարդիկ արել մեր մշակույթի համար, քան այն, թե երբ ու որ իշխանավորի հետ են ճաշել: Նման հանդիպումները մոռացվում են մի քանի օրից, իսկ, ասենք, Չեքիջյանի կամ Ամիրխանյանի արվեստը ոգեշնչման աղբյուր կդառնա հայերի հաջորդ սերունդների համար:

Այդ դրվագը ես հիշեցի օրերս Ազգային ժողովում ծագած վեճի պատճառով: ՔՊ-ական պատգամավորն առանց հարգանքի էր խոսում մեր նշանավոր մարզիկներ Հենրիխ Մխիթարյանի եւ Լեւոն Արոնյանի մասին: Պարզ է, որ քաղաքական գործիչը նման ձեւով պետք է խոսի հենց քաղաքական պատճառներով՝ համաշխարհային ամենաբարձր մակարդակով հանդես եկող ֆուտբոլիստն ու շախմատիստը լավ հարաբերություններ ունեին «նախորդ իշխանության» ներկայացուցիչների հետ: ՔՊ-ականի փաստարկն այն է, որ երբ ԱՄՆ-ում դատում էին Մոհամեդ Ալիին կամ Ռոբերտ Ֆիշերին, ամերիկացիները չէին ընդվզում, թե ինչու եք դատում մեր չեմպիոններին: Զուգահեռը կոռեկտ չէ. եթե Արոնյանը կամ Մխիթարյանը հակաիրավական արարք գործեն, նրանց դատելու դեմ Հայաստանում էլ ոչ ոք չի ընդվզի:

Իսկ ահա Հայաստանի դրոշի տակ ելույթ չունենալն այլ խնդիր է: Ասել՝ «ինչքան շատ գնան այդպիսի մարդիկ, այնքան շուտ  կմաքրվի մեր երկիրը»՝ կարծում եմ, պետական մոտեցում չէ: (Հիշեցնում է խորհրդային քարոզիչների պաթոսը, երբ այդ երկրի որեւէ մարզիկ կամ արտիստ «չէր վերադառնում» հայրենիք):

Հիշյալ երկու հայ մարզիկները մեր երկիրը չէին աղտոտում, որ նրանց գնալով մենք մաքրվենք, հակառակը՝ Հայաստանին փառք ու պատիվ էին բերում: Արոնյանի գնալու պատճառներն, ի դեպ, անմիջական կապ ունեն պետական կառույցի պահվածքի հետ. ԿԳՄՍ ինչ-որ չինովնիկներ որոշել էին, որ նա, որպես շախմատիստ, «պոտենցիալ չունի», ինչն ակնհայտորեն հակասում է այդ շախմատիստի բարձր միջազգային վարկանիշին: Ինձ թվում է, մեր պետությունն ու հասարակությունը պետք է հպարտանան ազգի ցանկացած տաղանդավոր զավակով, մանավանդ այն հայերով, որոնք կայացել են անկախ Հայաստանում:

․․․1962 թվականին Խորհրդային Միություն հյուրախաղերով եկել էր Եվրոպայում, իսկ այնուհետեւ՝ ԱՄՆ-ում բնակություն հաստատած ռուս կոմպոզիտոր Իգոր Ստրավինսկին, որին մինչ այդ՝ 1940-50 թվականներին փնովում էին խորհրդային քարոզիչները: Այդ իրադարձությունից տարիներ անց ես մեր կոնսերվատորիայի պրոֆեսորներից մեկից հետաքրքրվեցի՝ ինչո՞վ էր պայմանավորված խորհրդային իշխանության վերաբերմունքի այդ փոփոխությունը: Դասախոսիս պատասխանը հետեւյալն էր. «Իրենց մեծությունն է, ինչո՞ւ պիտի ուրիշին տային»»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր