Խնդիրը ոչ թե պետական պարտքի մեծությունն է, այլ դրա բովանդակությունը. «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Երեկ 2016 թվականի պետական բյուջեի կատարման հաշվետվության քննարկման ժամանակ կրկին հարց բարձրացավ Հայաստանի պետական պարտքի մասին:
Ներկայումս մեր երկրի պետական պարտքն արդեն գերազանցում է 6 միլիարդ դոլարը, և դա այն դեպքում, երբ մեր ամբողջ տնտեսությունը, այսինքն՝ համախառն ներքին արդյունքը գնահատվում է 10 միլիարդ դոլարից քիչ ավելի: «Նվազ պարտքի բեռ ունեցող երկրների սահմանագծից ներքև ենք գտնվում: Դեռևս նույնիսկ չենք մտել միջին պարտքի բեռ ունեցող երկրների սահմանագծի մեջ»,- երեկ հայտարարել է ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը: Զուտ «հաշվապահական» իմաստով նախարարի ասածը ճշմարտությունն է: Կան շատ ավելի հզոր տնտեսություն ունեցող երկրներ, որոնց պետական պարտքը շատ ավելի մեծ է՝ համեմատած դրանց ՀՆԱ-ների հետ: Սակայն այստեղ խնդիրը ոչ թե պարտքի ֆիզիկական, քանակական մեծությունն է, այլ դրա, պատկերավոր ասած, բովանդակությունը:
Իհարկե, առաջիկա տարիներին, մենք ավելի մեծ գումարներ ենք հատկացնելու պարտքի սպասարկման վրա: Օրինակ, 2020 թվականին պարտքի սպասարկման գծով մենք պետք է վճարենք մոտավորապես 1 միլիարդ դոլար, այն դեպքում, երբ մեր բյուջեի եկամուտները լավագույն սցենարի դեպքում կլինեն 3 միլիարդ դոլարի սահմաններում: Բայց սա տեխնիկական խնդիր է, և կառավարությունն ունի դրա լուծումը: Ընդամենը առաջիկա երկու տարվա ընթացքում կառավարությունը կգտնի մի հարմար պահ և այսպես կոչված «եվրոբոնդերի» միջոցով կփակի պարտքի մի զգալի մասը, իհարկե՝ նոր պարտք վերցնելով»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]