Հայաստանի 9 պատվիրակ Մոնտենեգրոյի միջազգային ավանդական մրցաշարում մեդալ նվաճեց
<< Ադրեատիկի ադամանդ >> անվանումն է կրում Մոնտենեգրոյի Բուդվա քաղաքում անցկացված միջազգային ավանդական մրցաշարը: 19 երկրների 128 մասնակիցների թվում էին նաև Հայաստանի պատվիրակները:
Մրցաշարի ընթացքում բռնքամարտի եվորպական ֆեդերացիայի պաշտոնական կայքէջը անդրադարձել էր Հայաստանի ներկայացուցիչների տեխնիկատակտիկական լավ պատրաստականությանը:
ՀՀ վաստակավոր մարզիչ, երիտասարդական հավաքականի ավագ մարզիչ Վազգեն Բադալյանի և նրա վանաձորցի օգնական Արթուր Ուլիխանյանի ղեկավարությամբ մեր տղաները տունդարձի ճամփա կընկնեն այսօր երեկոյան:
Հեռակապով զրուցեցինք ավագ մարզչի հետ: Գոհ էր իր սաների ընդհանուր մարզավիճակից, մարտունակության հատկանիշներից և, իհարկե, մարզաձևի հայկական դպրոցին բնորոշ տեխնիկական հնարքների հարուստ զինանոցից:
Վազգեն Բադալյանը շեշտեց մասնավորապես այն հանգամանքը, որ մասնակիցների թվում էին նաև չափազանց հարուստ ավանդույթներ ունեցող Կուբայի և Ղազախստանի մարզիկները, մանավանդ որ , վերջինը երկու թիմով էր ներկկայացել մրցավայր: Նրանց հետ մենամարտելը, մրցափորձի հարստացման առումով, մեծ օգուտ էր մեր պատվիրակների համար: Մասնագետը նաև ասաց, որ նշած երկրների թիմերը աշխարհամասերի առումով չեն մասնակցի Եվրոպայի առաջիկա առաջնությանը: Իսկ այդ ստուգատեսը կմեկնարկի ապրիլի 10 –ին ՝ Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում: Մինչ այդ, մեր երիտասարդականը ուսումնամարզական հավաքներ կանցկացնի Ծաղկաձորում և Երևանի Օիմպավանում:
Հայաստանի ինը պատվիրակ դարձավ մրցանակակիր: Հաղթող ճանաչվեցին 60 կգ քաշային Էրիկ Իսրայելյանը և 63 կգ քաշային Արթուր Մկրտչյանը: Երկրորդ տեղը գրավեցին 51 կգ քաշային Արեն Ասլամազյանը և 57 կգ քաշային Մանվել Պետրոսյանը: Երրորդ տեղով բավարարվեցին 48 կգ քաշային Թովմաս Թովմասյանը, 71 կգ քաշային Գարիկ Անթանոսյանը, 80 կգ քաշային Համլետ Ադամյանը, 86 կգ քաշային Աղվան Ալեքսանյանը և 92 կգ քաշային Ավետիք Հովակիմյանը: