211652_close_icon
views-count1500 դիտում article-date 16:59 08-03-2022

Դժվարին այս օրերին հատկապես կարևոր է Հայ եկեղեցու միասնականությունը. Արմեն Սարգսյանն ուղերձ է հղել Արամ Ա-ին

Հանրապետության չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանը ծննդյան 75-ամյակի առթիվ շնորհավորել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսին:

«Վեհափառ Տեր, ընդունեք, ջերմ շնորհավորանքներս Ձեր ծննդյան հոբելյանի առթիվ:

Իմ անկեղծ բարեմաղթանքներն եմ միացնում Ձեզ հղված՝ բյուրավոր հավատացյալների սրտագին խոսքերին և աղոթքներին:

Շուրջ վեց տասնամյակ ձգվող Ձեր հոգևոր ծառայության ընթացքում, որից ավելի քան 25 տարին հովվապետելով Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունում, Ձեր առաջնորդությունն ու կարողություններն ի սպաս եք դրել Հայ Եկեղեցուն եւ հայ ժողովրդին, ազգային ինքնության, հավատքի ու արժեքների պաշտպանությանը, որպես անխոնջ մշակ ծառայել ազգապահպանությանն ու համազգային խնդիրների լուծմանը և մասնավորապես Հայ դատին Հայաստանում, Արցախում և Սփյուռքում, զարգացրել միջեկեղեցական երկխոսությունը և համերաշխությունը:

Ներկայիս հակասական ժամանակներում, մեր երկրի ու ժողովրդի համար դժվարին այս օրերին հատկապես կարևոր է Հայ առաքելական եկեղեցու միասնականությունը՝ որպես ազգային միասնության հիմնարար երաշխիք, որովհետև  միասնությունն է մեր նպատակներին հասնելու բանալին:

Մաղթում եմ Ձեզ առողջություն ու արևշատություն, և թող Աստծո բարձր հովանու ներքո հաջողությամբ պսակվեն Ձեր բոլոր ծրագրերն ու ձեռնարկները:

Ընդունեք խնդրեմ, Վեհափառ Տեր, խորին հարգանացս հավաստիքը», - ասված է ուղերձում:

Նմանատիպ նյութեր