211652_close_icon
views-count112157 դիտում article-date 21:12 01-03-2022

Գեղարքունիքի մարզի Զոլաքար գյուղում ողբերգական ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված վիրավորներից ևս 2-ը մահացել են. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության հատկապես կարևոր գործերով քննիչ  Արթուր Մանուկյանի որոշմամբ երեկ՝ փետրվարի 28-ին, ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 3-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն առաջացրել է 2 և ավելի մարդու մահ) հատկանիշներով  հարուցվել է քրեական գործ:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված  քրգործը հարուցվել է փետրվարի 11-ին Գեղարքունիքի մարզի Զոլաքար գյուղի վարչական տարածքում տեղի ունեցած խոշոր ու ողբերգական ավտովթարի փաստով:

Նյութերի նախապատրաստման  ընթացքում ոստիկանության Մարտունու բաժնի և քննչական բաժնի ծառայողները պարզել են, որ  Mercedes–ը վարել է Երևանի բնակիչ, 52-ամյա Սեյրան Թովմասյանը, իսկ Volkswagen-ը վարել է Վարդենիկ գյուղի բնակիչ, 48-ամյա  Միսակ Աբրոյանը:

Վթարի հետևանքով  Mercedes-ի ուղևոր, Ծովինար գյուղի բնակիչ, 60-ամյա Մեխակ Մելքոնյանը տեղում մահացել էր, իսկ  2 վարորդներն ու Volkswagen–ի ուղևորներ, Վարդենիկ գյուղի բնակիչներ,  66-ամյա Անահիտ Սարգսյանը, 65-ամյա Սոֆիկ Սարգսյանն ու 56-ամյա Գայանե Պետրոսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին «Մարտունի» բժշկական կենտրոն:

Ֆոտոլրագրողի  տեղեկություններով՝ հիվանդանոց տեղափոխվածներից  Ա. Սարգսյանը փետրվարի 14-ին հիվանդանոցում մահացել է:

Փետրվարի 27-ին հիվանդանոցում  մահացել է նաև Ս. Սարգսյանը:

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, փետրվարի 11-ին խոշոր ու ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 13։30-ի սահմաններում Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհի 8-րդ կմ հատվածում՝ Զոլաքար գյուղի վարչական տարածքում, բախվել էին Mercedes և Volkswagen Vento մակնիշի ավտոմեքենաները։

Վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել էր, 4 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին Մարտունու բժշկական կենտրոն։ 

Վիրավորներին առաջինը օգնության էին հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Մարտունու թիվ 33 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները։

Մահացածին ավտոմեքենայից դուրս էին բերել հրշեջ-փրկարարները։ 

Մարտունու հիվանդանոցի բժիշկներն էլ վիրավորներին, մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնություն էին ցուցաբերել։ 

Օպերատիվորեն ժամանել էին ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ գումարտակի հրամանատար Արսեն Մարդոյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Հայկ Դավթյանի, վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Վաչագան Ոսկանյանի գլխավորությամբ։ 

Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վիրավորներին հիվանդանոց են ուղեկցել Վ. Ոսկանյանն ու նույն վաշտի ավագ հետաքննիչ Բակուր Սարիբեկյանը։ 

Դեպքի վայր էին ժամանել ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետ Արթուր Մկրտչյանն ու ոստիկանության Մարտունու բաժնի պետ Ստեփան Հակոբյանը։ 

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել էր Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Մարտունու քննչական բաժին, որտեղից ժամանել էր քննչական խումբը՝ բաժնի պետի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչի գլխավորությամբ։ 

Փաստի առթիվ Մարտունու քննչական բաժնում ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել էր քրեական գործ։ 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի  
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 82+
82+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր