211652_close_icon
views-count1235 դիտում article-date 12:02 01-03-2022

ԱԺ-ն նիստերի օրակարգում չի ընդգրկել ապրիլի 10-ը Մարաղայի ջարդերի զոհերի հիշատակի օր սահմանելու նախագիծը

Ազգային ժողովի նիստի օրակարգ չի ընդգրկվել ապրիլի 10-ը Արցախի Մարաղա գյուղի խաղաղ բնակչության ջարդերի զոհերի հիշատակի օր սահմանելու նախագիծը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը,  Ազգային ժողովում «Տոների և հիշատակի օրերի օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին նախագիծը ներկայացրեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը։

«Այդ նույն օրենքում ամրագրված է նաև Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված ջարդերի զոհերի հիշատակի բռնագաղթված հայ բնակչության իրավունքների պաշտպանության օրը, որը նշվում է փետրվարի 28-ին։ Մարաղայի վրա հարձակումը ևս ուներ բացառապես հայ խաղաղ բնակչության ոչնչացման նպատակ և այդ ոճրագործության շարունակություններ՝ Սումգայիթի, Բաքվի, Կիրովաբադի և այլ բնակավայրերում հայկական բնակչության կազմակերպված և զանգվածային ջարդերի ու տեղահանության, սակայն այս ոճրագործությունները տեղի են ունեցել  Սովետական Ադրբեջանի տարածքում, իսկ Մարաղայի դեպքում գործ ունենք Արցախի Հանրապետության տարածքում արդեն անկախ Ադրբեջանի կողմից իրականացված ջարդերի հետ, ինչը դատապարտելու օր մենք պետք է սահմանենք»,- ասաց Մանուկյանը։

Պատգամավորը անհրաժեշտ է համարում ընդգծել, որ ինչպես Սովետական Ադրբեջանն էր հայատյաց քաղաքականություն վարում, այնպես էլ այդ գործելաոճը շարունակվել է հետանկախական շրջանում և իրականացվում է մինչ օրս, ինչն առավել ցայտուն դարձավ 44-օրյա պատերազմի ժամանակ։

«Մենք պետք է հետսովետական շրջանում իրականացված Մարաղայի դաժան ջարդերի արձանագրումն ու դատապարտումը հակակշռենք Խոջալուի այսպես կոչված «ցեղասպանության» կեղծ հարցը միջազգային օրակարգ տեղափոխելու թշնամական Ադրբեջանի ջանքերին և շահարկումներին։ Տվյալ դեպքում Ադրբեջանը՝ որպես հանցագործ, ինքն է բարձր գոռում «բռնեք հանցագործին»։ Մենք պետք է ի ցույց դնենք, որ Ադրբեջանի գործելաոճը չի փոխվել, ինչը նաև հուշում է, թե ինչ կլինի հայ բնակչության հետ, եթե Արցախը հայտնվի Ադրբեջանի կազմում։ Ինձ համար անընդունելի է, որ «Քաղաքացիական պայմանագիր»-ը տարբեր պատճառաբանություններով չընդունեց մեր այս նախագիծը, բայց հաշվի առնելով այն հանգամանքը, որ իշխող խմբակցությունը մերժել էր նաև «Շուշիի հռչակագրի» դեմ բերված մեր հայտարարությունը, այդ որոշումն իրենց դեպքում խիստ տրամաբանական էր, քանզի մտածում են, որ այսպես կոչված խաղաղության դարաշրջան բացելու ճանապարհին, չի կարելի նեղացնել իրենց կողմից կիրթ և կառուցողական որակված Ալիևին»,- նշեց Մանուկյանը։

Հարակից զեկուցող, պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը ընդգծեց՝ Մարաղայի ջարդերը դատապարտելի են, իրենցից ներկայացնում են միջազգային մարդասիրական իրավունքի խախտումներ, ավելին դա մարդկության դեմ ուղղված հանցագործություն է։

« Հանձնաժողովում ասվել է, որ Մարաղայի ջարդերը միակը չեն, այն ընդամենը մեծ շղթայի մեջ գտնվող մեկ օղակ է, որը վկայում է Ադրբեջանի կողմից իրականացված և իրականացվող հայատյաց քաղաքականության մասին։ Մենք խոսել ենք նրա մասին, որ սիմվոլիզմի տեսանկյունից, այո, պետք է հիշատակի օր սահմանենք Ադրբեջանի կողմից հայատյաց քաղաքականության հետևանքով զոհված մեր հայրենակիցների համար, բայց այդուհանդերձ, մենք փորձեցինք ինչ-որ լուծումներ գտնել, որպեսզի սիմվոլիկան ավելի կարևոր լիներ։

Ադրբեջանի կողմից հայատյաց քաղաքականությունը պետք է դատապարտելի լինի և հիշատակի օրեր պետք է լինեն, բայց պետք է առաջնորդվել այն սկզբունքով, որ հայոց պատմության մեջ տեղի ունեցող ցանկացած իրադարձություն հիշատակի օր դառնա, ապա կստանանք մի իրավիճակ, որ, ըստ էության, ամեն օր կունենանք հիշատակի օր»,- ասաց Վարդանյանը՝ հավելելով, որ պետաիրավական հանձնաժողովը տվել է բացասական եզրակացություն նախագծին։

Նախագիծը չընդգրկվեց նիստի օրակարգ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ձեռնպահ քվեարկեց որոշմանը։

1992 թ. ապրիլի 10-ին տևական հրետակոծումից հետո ադրբեջանական զինված ստորաբաժանումները ներխուժեցին ԼՂՀ Մարտակերտի շրջանի Մարաղա ավան։ Տեղի աշխարհազորայինների փոքրաթիվ ջոկատին հաջողվեց Մարաղայից տարհանել բնակիչների մեծ մասին։ Սակայն մոտ 118 հոգի` հիմնականում տարեցներ, հաշմանդամներ, կանայք և երեխաներ, մնացին ավանում։ Նրանցից շատերն անողոքաբար սպանվեցին ադրբեջանական բանակի զինվորների կողմից։ Այդ ռազմական հանցագործությանը զոհ գնաց ավելի քան 50 մարդ, այդ թվում՝ 30 կին։

Նմանատիպ նյութեր