Կառավարությունը վաղը կքննարկի Մարտի 1-ը որպես մարտի 1-ի զոհերի հիշատակի և պետական ահաբեկչության ու բռնաճնշումների դեմ համազգային բողոքի օր սահմանելու նախագիծը
Կառավարության առաջիկա նիստի օրակարգում է մարտի 1-ը 2008-ի մարտի 1-ի զոհերի հիշատակի և պետական ահաբեկչության ու բռնաճնշումների դեմ համազգային բողոքի օր սահմանելու օրենսդրական նախագիծը:
Օրենսդրական նախաձեռնության հեղինակներն են Ազգային ժողովի պատգամավորներ Լևոն Զուրաբյանը, Ստեփան Դեմիրճյանը, Արամ Մանուկյանը և Գագիկ Ջհանգիրյանը:
Որպես նախագծի ընդունման անհրաժեշտություն է նշվում այն, որ թեև ֆորմալ առումով շարունակվում է մարտի 1-ի սպանությունների գործով նախաքննությունը, սակայն, ըստ էության, դրանցով վարույթը կասեցված է և հանցագործների բացահայտմանն ուղղված քննչական գործողություններ, օպերատիվ-հետախուզական միջոցառումներ չեն կատարվում:
Կառավարությունը բացասական եզրակացություն է ներկայացրել նախագծին: