211652_close_icon
views-count7845 դիտում article-date 10:57 24-02-2022

Ցույցերով պարտությունը չես փոխհատուցի․ ադրբեջանցի պատգամավորների գալուց կամ չգալուց ոչ մի բան չի փոխվում․ «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Երեւանում կայացած «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի նիստին մասնակցում էին երկու պատգամավորներ Ադրբեջանից: Այդ վեհաժողովն ընդգրկում է Եվրախորհրդարանի եւ «Արեւելյան գործընկերության» երկրների խորհրդարանների պատգամավորներին եւ կոչված է նպաստելու ԵՄ-ի ու հետխորհրդային հինգ երկրների՝ Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի, Մոլդովայի եւ Ուկրաինայի միջեւ համագործակցությանը:

Ասել, որ «Եվրանեսթի» միջոցառումները կամ ընդունած բանաձեւերը կարող են ճակատագրական նշանակություն ունենալ Հայաստանի անվտանգության համար՝ չափազանցություն կլինի: Իհարկե, միջազգային կազմակերպություններին պետք է լուրջ վերաբերվել՝ քաղաքական հարթակներ են, որտեղ հնարավորություն կա ներկայացնելու Հայաստանի պետական շահը:

Ադրբեջանի ներկայացուցիչների այցը Երեւան՝ նման միջոցառումներին մասնակցելու նպատակով, արտառոց երեւույթ չէ. անցած 20-25 տարիների ընթացքում մի քանի անգամ այդպիսի այցեր տեղի են ունեցել եւ, որքան հիշում եմ, լուրջ միջադեպեր չեն գրանցվել: Հակառակը՝ նախկինում ցույցեր են եղել Բաքվում, երբ Հայաստանի պատվիրակները մասնակցում էին միջազգային կառույցների աշխատանքին: Դա, իհարկե, բացատրելի է. այն ժամանակ պարտված եւ, հետեւաբար, ստեղծված իրավիճակից դժգոհ կողմն իրենք էին, իսկ հիմա՝ մենք:

Անձամբ ես նման ցույցերի մեջ թուլության, անզորության նշաններ եմ տեսում՝ չես կարողանում թշնամու բանակին հաղթել, քո ցասումը դրսեւորում ես մայրաքաղաքի փողոցներում: Դրոշ այրելու նման մի բան է՝ պարտված-այրված սիրտդ ես հովացնում: 

Տվյալ դեպքում գործնական առումով ադրբեջանցի պատգամավորների գալուց կամ չգալուց ոչ մի բան չի փոխվում: Մյուս կողմից՝ ընդունել հակառակորդ, քեզ հաղթած երկրի շարքային պատվիրակներին բարձրագույն մակարդակով նույնպես սխալ է, արժանապատվության պակասի ցուցադրում՝ Հայաստանի վարչապետը չպիտի հանդիպեր ադրբեջանական միլի մեջլիսի պատգամավորներին:

Բնականաբար, ընդունող կողմն այս դեպքերում պետք է ապահովի հյուրերի անվտանգությունը: Դա չի նշանակում, սակայն, որ իրավապահները պետք է անհամաչափ ուժ կիրառեն ցույց անող քաղաքացիների դեմ: Նման չափազանցված ջանասիրությունը նույնպես տարօրինակ է»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր