211652_close_icon
views-count1764 դիտում article-date 09:58 24-02-2022

Հայաստանում վիրավորական խոսքի քրեականացումը խնդրահարույց է. Freedom House-ի ներկայացուցիչ․ «Ամերիկայի ձայն»

Հայաստանում շարունակում են զգացվել Ադրբեջանի հետ 2020 թվականի պատերազմի հետևանքները, նշում է հայտնի իրավապաշտպան Freedom House կազմակերպությունը իր «Ավտորիտար կառավարման գլոբալ աճ» անունը կրող զեկույցում` անցած տարի աշխարհում ժողովրդավարության զարգացման միտումների մասին: Ըստ զեկույցի, Հայաստանում հաստատվել են ընտրական օրենսգրքի այնպիսի բարեփոխումներ, որոնք բարելավում են թափանցիկությունն ու արդարությունը, իսկ արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո երկրի քաղաքական համակարգը որոշակիորեն կայունացավ: Հաղորդում է «Ամերիկայի ձայնը»։

Այդպիհանդերձ տարեվերջին ընդդիմադիր գործիչների դեմ հարուցված քրեական գործերը մտավախություն առաջացրեցին, որ երկրում ժողովրդավարության վիճակը մնում է անկայուն, պնդում է Freedom House-ի զեկույցը:

Freedom House-ի Եվրոպայի և Եվրասիայի ծրագրերի տնօրեն Մարկ Բեհրենդետը Ամերիկայի ձայնին տված հարցազրույցում կարևորում է Հայաստանում, ինչպես շատ անցումային երկրներում, դատական համակարգի բարեփոխման անհրաժեշտությունը: Սակայն, փորձագետը շեշտում է՝ այս հարցում չպետք է ցուցաբերել շտապողականություն:

«Մենք համաշխարհային փորձից շատ օրինակներ ենք տեսել, երբ չափազանց արագ բարեփոխումները, նոր դատավորների վեթինգն ու նոր մարդկանց նշանակումն այդ պահին եղած ցանկացած իրադարձությունների պարագայում արագորեն վերածվում է դատական համակարգը վերաքաղաքականացնելու կամ իշխանությունների օգտին ավելի քաղաքականացնելու միջոցի»,- ասում է Բերենդետը:

Freedom House-ի փորձագետը կրկին մտահոգություն հայտնեց Հայաստանում վիրավորանքի քրեականցման և այս օրենքի կիրառման կապակցությամբ:

«Հայաստանը վերջին 10 տարում առաջ է անցել 15 միավորով, որը ամենամեծ առաջընթացն է եվրասիական տարածաշրջանում, ուստի խնդրահարույց է և տխուր տեսնել, թե ինչպես է այս երկիրը հետընթաց ապրում խոսքի քրեականացման հարցում»,- ասում է նա:

Զեկույցն անդրադառձել է նաև Հայաստանի հարևան և տարածաշրջանային այլ երկրներին: Ադրբեջանը ներառվել է Freedom House-ի ոչ ազատ երկրների վատագույն ցուցանիշ ունեցողների ցանկում՝ վերջին տաս տարում նահանջելով 14 միավորով։ Վրաստանում, որն ըստ Freedom House-ի, Եվրասիայի ամենաբարձր ցուցանիշ ունեցող երկրներից է, ևս արձանագրվում են խնդիրներ՝ կապված լրագրողների, ԼԳԲՏ+ համայնքի, ընդդիմության կողմնակիցների նկատմամբ աճող ահաբեկման և բռնության հետ: Ըստ Freedom House-ի ՝ ՌԴ-ում նախագահ Պուտինի ռեժիմը մեծացրել է ճնշումը քաղաքական ընդդիմախոսների և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների նկատմամբ՝ վերացնելով ցանկացած իրական մրցակցություն սեպտեմբերին կայացած խորհրդարանական ընտրություններում։

Իր հերթին Թուրքիան, ըստ իրավապաշտպան կազմակերպության զեկույցի, վերջին տաս տարիներին արձանագրել է հսկայական նահանջ ժողովրդավարական սկզբունքների ու ազատությունների հարցում: Կորցնելով 31 միավոր` Թուրքիան ամենամեծ նահանջ արձանագրած երկրների եռյակում է` զիջելով միայն Մալիին և Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետությանը: Թուրքիայում ևս անցած տարում արձանագրվել են բռնաճնշումներ ուսանողների, միասեռականների ու կանանց նկատմամբ:

Կազմակերպության զեկույցը պնդում է, որ այսօր գլոբալ ազատությունը առերեսվում է լուրջ սպառնալիքների. ավտորիտար վարչակարգերն ավելի արդյունավետ են շրջանցում կամ անտեսում այն նորմերը և ինստիտուտները, որոնք նախատեսված են աջակցելու ազատության հիմնարար սկզբունքներին: Ըստ Freedom House-ի, սա համաշխարհային ազատության ցուցանիշի 16 տարվա անընդմեջ անկման արդյունք է: 60 երկիր վերջին մեկ տարվա ընթացքում հետընթաց է ապրել ժողովրդավարության զարգացման ոլորտում, մինչդեռ միայն 25-ը բարելավվել է իր դիրքերը։ Այսօր աշխարհի բնակչության մոտ 38 տոկոսն ապրում է ոչ ազատ երկրներում, որը ամենաբարձր ցուցանիշն է, ըստ իրավապաշտպան կազմակերպության, 1997 թվականից ի վեր:

Նմանատիպ նյութեր