211652_close_icon
views-count43342 դիտում article-date 13:10 23-02-2022

Քեզ բացակա չենք դնի. ներկաներն ասում էին. «21-ամյա Սամվել Գևորգյան, շախմատում չհասցրեցիր դառնալ լեգենդ, բայց կռվի դաշտում նահատակվեցիր և դարձար լեգենդ». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ փետրվարի 22-ին, Արարատի մարզի Նոր Ուղի գյուղի միջնակարգ դպրոցում «Հավերժական ծաղիկներ» հուշ-ցերեկույթ էր։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այն նվիրված էր նույն գյուղում ծնված, դպրոցի շրջանավարտներ, արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված, լեգենդ դարձած հերոսներ Սամվել Վարդանի Գևորգյանի, Նարեկ Արթուրի Խաչատրյանի, Յուրա Աշոտի Գաբրիելյանի, Մնացական Գեղամի Խաչատրյանի, Արթուր Արմենի Սահակյանի, Կարեն Մանուկի Հունանյանի հիշատակին։ 

Դպրոցի դասարաններից մեկն անվանակոչվեց լեգենդ դարձած, շախմատի մեծ սիրահար Սամվել Գևորգյանի անվամբ շախմատի դասասենյակ, որի բացման պատիվն ընձեռնվեց նրա հերոսածին մայրիկին և Արարատի մարզպետին։ 

Մինչ դասասենյակի բացումը, դպրոցում տեղի ունեցավ տոնական միջոցառում, որից հետո ներկաները ծաղիկներ խոնարհեցին փառքի սրահում լեգենդար շրջանավարտների լուսանկարների առջև։ 

Միջոցառմանը ներկա էին հերոսի հարազատները, ընկերները, այդ թվում՝ դպրոցական ու զինվորական, հերոսածին մայրեր, Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը, Վեդի խոշորացված համայնքի ղեկավարի պաշտոնակատար Գարիկ Սարգսյանը, ՀՀ պաշտպանության նախարարության ներկայուցիցչներ, այդ թվում՝ գլխավոր շտաբից։ 

Դպրոցի սաները կենդանի կատարմամբ ներկայացրեցին հայրենասիրական երգեր, իսկ ռազմագիտության դասղեկի գլխավորությամբ երեխաները ցուցադրեցին մի քանի մարտական հնարքներ, այդ թվում՝ ինչպես վնասազերծել թշնամուն։

Սամվել Վարդանի Գևորգյան

Ծնվել է 1999 թվականի ապրիլի 27-ին, ,Արարատի մարզի Գինեվետ գյուղում։ Հաճախել է Նոր֊ուղու միջնակարգ դպրոցը, սովորել է գերազանց։ Հինգերորդ դասարանից ընտանիքով տեղափոխվել է Ռուսաստանի Դաշնություն, որտեղ էլ շարունակել է ուսումը։

Սամվելը զբաղվում էր շախմատով, ֆուտբոլով։ Մեծ հաջողություններ է ունեցել հատկապես շախմատի ասպարեզում, արժանացել պատվոգրերի ու մեդալների՝ վաստակելով սպորտի վարպետի կոչում։

Մի գեղեցիկ օր Սամվելը որոշում կայացրեց, որ պետք է գա Հայաստան՝ իր պարտքը հայրենիքին տալու, չնայած որ նա ուներ հնարավորություն՝ չգալու և չծառայելու։ Հակառակվելով իր ծնողների կամքին՝ 2019 թվականի հունվարի 10֊ին զորակոչվեց բանակ՝ ժամկետային զինծառայության անցնելով Մատաղիսում։

Սամվելը շատ գոհ էր, անգամ ասում էր՝ «Մատաղիսի զինվորը թագավոր է, լավ տղեն պիտի Մատաղիսում ծառայի, մերս»։

Սեպտեմբերի 27-ին սկսվեց չարաբաստիկ պատերազմը։ Սամվելի զորացրմանը մնացել էր 2 ամիս և 23 օր։ Ավա՜ղ, հավերժ մնաց զորացրման։ ​Նրա մարտական ուղին եղել է գերազանց։ Պատերազմի առաջին իսկ օրը իր ձեռքով սատկացրել էր թուրքի և տանկ առգրավել (կան տեսանյութեր)։ Ամսի 27֊ին ծնողները փորձել են կապ հաստատել Սամվելի հետ, սակայն բոլոր հեռախոսահամարներն անհասանելի էին; Կեսօրին Սամվելը զանգահարում է մորն ու հուզված ձայնով ասում՝ «մերս, չլացես, դու հերոս որդի ունես, քո տղեն հերոս ա, տղեդ թուրքի տանկ ա առգրավել»;

5 օր շրջափակման մեջ են մնացել։ Սամվելը կռվել է առաջնագծում, վիրավորների է դուրս բերել կռվի դաշտից, անօդաչուներ է ոչնչացրել։

Ծառայության ընդացքում Սամվելը ստացել է պատվոգրեր, շնորհակալագիր, «Քաջարի մարտիկ» մեդալ։ Կռվի թեժ օրերին Սամվելին  առաջարկել են լետենանտի կոչում, սակայն նա հրաժարվել է։

Սամվելի մայրը պատմում էր. «Սամս մեր տան միակ որդին էր, ունի մեկ քույր, քույրիկը ամուսնացած է։ Սամվելի զոհվելուց հետո լույս աշխարհ է եկել քույրիկի բալիկը։ Նրան անվանակոչել են հերոս քեռու անունով՝ ՍԱՄՎԵԼ։ Սամվելը էռպեկաիստ էր, զորամասում նրան ասում էին «էռպեկա ՍԱՄՈ»։

Սամվելը բնավորությամբ շատ աշխատասեր, բարի ու պատասխանատու էր։ Սիրում էր ամեն ինչ չափի մեջ։ Մի օր Սամիս խնդրեցի, որ հանգիստ մնա, չաշխատի, որ ծառայության էր գնալու։ Այդ ժամանակ մենեջեր էր աշխատում, մի քանի աշխատանք էր անում Մոսկվայում։ Գիտե՞ք, նա ինձ ինչ պատասխանեց, ասեց՝ մերս, ես երբեք ինձ թույլ չեմ տա քեզանից գումար ուզեմ, ես ուզում եմ ինքս վաստակեմ, իմը ունենամ,։ Հումորով էր, մեծերի նկատմամբ հարգանքով էր։ Մի օր Սամվելս շախմատից մրցանակ էր բերել, քաղաքի մեծերը խոնարհվել էին Սամվելիս առաջ։ Զանգել էր, ասել՝ մերս, վատ եմ զգում ինձ, մեծ մարդիկ ինձ խոնարհվում են։ Սամվելի հետ երբեք չէիր հոգնի։ Դա ասում եմ ոչ թե նրա համար, որ նա իմ որդին է, ոչ, դա փաստում են բոլոր ճանաչողները։ Սամիս զինակից ընկերը՝ Արան, պատմում է, որ Սամը զորակոչվելուց անմիջապես հետո պատերը սպիտակեցրել, մաքրել է սենյակը։ Եթե ասում էին շինարարական աշխատանքներ պետք է իրականացնեն, առաջինը Սամվելն էր, ասում էր՝ ամեն ինչի մեջ Սամվելը կար։ Սամվելը էդպես էր նաև տանը։ Ամեն ինչ կաներ՝ ինձ ուրախ ու երջանիկ տեսնելու համար։ Մի օր Սամս տուն չէր եկել, ու ես չկարողացա քնել; Հաջորդ օրը նա մի մեծ բուկետ վերցրած՝ ներս մտավ, փաթաթվեց ինձ ու ներողություն խնդրեց ինձ անհանգստացնելու համար; Այս ամենը առանց արցունքների անհնար է հիշել և հանձնել թղթին։ Իմ կյանքիս լուսավոր կետը Սամս էր, իմ հենարանն էր, ծնողասեր, հայրենասեր։ Սամվելս միշտ ինձ ասում էր՝ մերս, ես օետք է հայրենիքիս համար ծառայեմ, ես երբեք ռուսին չեմ ծառայի։ Սամվելս իմ հետ  էր շատ կապված, իմ հետ էր կիսվում բոլոր հարցերով, իմ բալիս հետ շատ նպատակներ ու երազանքներ ունեինք, որ էդպես էլ կիսատ մնացին։ Ընկերասեր էր, համեստ, ընկերոջ համար կյանքը կտար։ Նա իր վիրավոր ընկերոջը հետ էր ուղարկել ու ասել, որ երբ վերադառնաս, մենք էս թուրք շների հարցերը լուծած կլինենք։ Սիրում էր իրենից մեծերի հետ շփվել։ Բոլոր նրա հետ շփողները ինձանից շնորհակալություն էին հայտնում, որ էդպիսի տղա եմ լույս աշխարհ բերել։ Խաղաղության աղավնի էր Սամս։ Որպես որդի՝ անթերի էր, որպես եղբայր՝ ուշադիր ու հոգատար՝ քույրիկի ու բալիկների համար։ Առաջին աշխատավարձով մեծ մեքենա գնեց քույրիկի բալիկներին  և անակնկալ արեց, ընկերների համար պարզ ու անկեղծ։ Սամվելիս մասին անվերջ կարող եմ խոսել, ուշադիր թոռ՝ տատիկ պապիկների համար։ Չէր սիրում սուտը, ատում էր ստախոսներին։ Խոստացել էր ինձ, որ զորացրումից հետո գործերը տալու է ֆիզկուլտինստիտուտ՝ հեռակա սովորելու համար։ Սամվելս քաղցրակեր էր, սիրում էր մարս, սնիկերս։ Սիրում էր թփով տոլմա, խորոված, առանց կրեմի բիսվիթ։ Ես նրան ծխելուց երբեք չեմ տեսել, ծխելը սկսել է ծառայության ընթացքում, երբ իմացա, շատ նեղվեցի, հարցրեցի՝ Սամ, կարող ա՞ ծխում ես, ասեց, հա, մերս, ստեղ չեմ կարող չծխել, բայց խոստանում եմ, որ զորացրվեմ, էլ չեմ ծխի։ Շատ խոստումներ մնացին անկատար։ Վերջին զանգը եղել է հոկտեմբերի 6-ին ու, կարծես, հրաժեշտ լիներ. «Մամ ջան, պուպուշ մնա, շատ եմ սիրում քեզ, ցավդ տանեմ։

Սամվելի հուղարկավորությունը անցկացվել է Գինեվետ գյուղում։ Նա հետմահու արժանացել է «ՄԱՐՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ», «ԳԹՈՒԹՅԱՆ ՄԱՅՐ ՄՄ.ՀԿ., «6֊րդ.ՊՇ.ԱՆՁՆՈՒՐԱՑ ՊԱՇՏՊԱՆ» մեդալների և «ՄԱՐՏԱԿԱՆ ԽԱՉ» 2֊րդ աստիճանի շքանշանի։

Սամվել Վարդանի Գևորգյանը զոհվել է 2020 թվականի հոկտեմբերի 7-ին. Վարնկաթաղի բարձունք ուղևորվելիս հակառակորդի կողմից արձակված արկի պայթյունից։


Հավերժ փա՛ռք քեզ, հերո՛ս։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի 
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 296+
296+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր