211652_close_icon
views-count176338 դիտում article-date 23:56 07-02-2022

Արտակարգ դեպք Երևանում. պարեկները ծայրահեղ ծանր վիճակում գտնվող 7 տարեկան տղային իրենց ավտոմեքենայով տեղափոխել են հիվանդանոց, որտեղ էլ հրաշք են գործել բժիշկները

Երեկ՝ փետրվարի 6-ին,  արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի պարեկները Նոր Նորք վարչական շրջանի Թևոսյան փողոցում ծառայութուն իրականացնելիս են եղել, երբ նկատել են  Honda Odyssey մակնիշի ավտոմեքենա, որի վարորդը այն վարում է՝ գերազանցելով  սահմանված արագութունը, ինչը վտանգ  էր ներկայացնում թե՛ իր, թե՛ մյուս վարորդների ու հետիոտների համար:

Պարեկային ծառայության Երևանիգ գնդի  1-ին գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի, վաշտի հրամանատար Հարություն Գրիգորյանի, պարեկ Վլադիմիր Վաթյանի  և կրտսեր պարեկ Հրայր Նազարյանի հետ համատեղ  կանգնեցրել են ավտոմեքենան և պարզել, որ վարորդի գրկում կա նաև երեխա:

Վաշտի հրամանատարը տեղեկացնում է  գումարտակի հրամանատարին, որ վարորդի գրկում երեխա կա, ինչից հետո  Վ. Վաթյանն ու Հ. Նազարյանը  կանգնեցնում են ավտոմեքենան Աշոտ Հովհաննիսյան փողոցում:

Տեղում պարզվում է, որ վարորդի գրկի երեխան  գտնվում է անգիտակից,  ծայրահեղ  ծանր վիճակում:

Պարեկները առանց հապաղելու իրենց  ծառայողական ավտոմեքենայով  7-ամյա տղա  երեխային տեղափոխում են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ»  բժշկական կենտրոն, որտեղ էլ  բժիշկները՝ հավատարիմ Հիպոկրատին տված երդմանը, հրաշք են գործում: Նրանց հաջողվում է փրկել երեխայի կյանքը:

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում հիվանդանոցի մոտ հավաքված երեխայի հարազատները, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին. «Իրոք, որ մարդկությունը չի կորել: Հալալ է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական  կենտրոնի բժիշկներին, ովքեր փրկեցին մեր փոքրիկի կյանքը: Բժիշկներն էլ իրենց հերթին մեզ ասում էին, որ եթե երեխային մի քանի րոպե ուշ հասցնեինք հիվանդանոց,  ողբերգություն էր տեղի ունենալու, քանի որ երեխան գտնվում էր ծայրահեղ ծանր, անգիտակից վիճակում:

Հիմա ոնց չասես՝ հալալ ա նաև  պարեկներին: Հալալ ա նաև  երեխայի հարազատին, ով տանից երեխային տեղափոխում էր հիվանդանոց: Ճիշտն ասած, եթե պարեկները իրենց մեքենայով չտեղափոխեին, մենք գուցե մի քիչ ուշ հասնեինք հիվանդանոց ու այդ ժամանակ բանը բանից անցներ:

Մեր երախտիքի խոսքն ենք ուղղում բժիշկներին, պարեկներին ու  մեկ բառ ասում՝ շնորհակալություն ձեզ, դուք ապացուցեցիք, որ հայի այս տեսակը քանի կա, հայը անպարտելի կլինի»:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ երեխան տեղափոխվում էր Ջրվեժ թաղամասից, որտեղ նրա մոտ նկատել էին թունավորում և դա եղել է  գազաբալոնից արտանետված շմոլ գազից:

Կատարվածի մասին նաև տեղեկացվել է Արտակարգ իրավիճակների  նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+