211652_close_icon
views-count45736 դիտում article-date 22:31 18-07-2026

Մարտաֆիլմ հիշեցնող կրակոցներ՝ Երևանում․ կա զոհ և վիրավոր․ դեպքի վայրում հայտնաբերվել են ինքնաձիգից կրակված մեծ քանակի պարկուճներ, «Mercedes G» և մի քանի այլ մեքենաներ՝ կրակոցի հետքերով․ պարզվել է մահացածի ինքնությունը․ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

Այսօր՝ հուլիսի 18-ին, մարտաֆիլմ հիշեցնող կրակոցներ են տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում և նույն գլխավոր վարչության Երևանի քրեական վարչությունում միաժամանակ օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Մուրացան 109 հասցեում միջադեպ է տեղի ունեցել, որի ժամանակ հնչել են կրակոցներ և կա զոհ։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանած Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը արձանագրել է քաղաքացու մահը։

Դեպքի վայր են ժամանել քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևանի քրեական վարչության մեծ թվով ծառայողներ՝ վարչության պետ Հայկ Հարությունյանի գլխավորությամբ։

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Խաչատրյանի, գումարտակի հրամանատար Դավիթ Նիկողոսյանի գլխավորությամբ։

Ահազանգով ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի տեղակալ Վլադ Բազունցի գլխավորությամբ։

Դեպքի մասին ոստիկանության Էրեբունու բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Ռոման Մախմուդյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Դեպքի փաստով քննչական բաժնում «սպանություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են դեպքի հանգամանքները, սպանվածի և մյուս մասնակիցների ինքնությունները։

Ձեռնարկվում են օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործություն կատարած անձի կամ անձանց ինքնությունները պարզելու և հանցագործության գործիք հրազենը հայտնաբերելու ուղղությամբ։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ դեպքի վայրում հայտնաբերվել են կրակված պարկուճներ, արնանման հետքեր, «Mercedes G» մակնիշի և մի քանի այլ ավտոմեքենաներ, որոնց վրա առկա են կրակոցի հետքեր:

22:50
Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, որ նշված վայրից մարմնական վնասվածքներով Երևանի մասնագիտացված հիվանդանոցներից մեկն է տեղափոխվել 15-ամյա տղա երեխա, ով, ըստ տեղեկությունների, հենց նշված վայրում է վիրավորում ստացել։

Քննչական բաժինը պարզել է մահացածը Երևան քաղաքի Բելինսկու փողոցի բնակիչ 20-ամյա Վահե Մկրտչյան է։


Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 159+
159+

Նմանատիպ նյութեր