211652_close_icon
views-count1682 դիտում article-date 09:57 04-02-2022

Առողջապահության նախարարությունում բացթողումներ են հայտնաբերվել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնվել է ՀՀ հաշվեքննիչ պալատի ուշադրության կենտրոնում: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Պալատը նախորդ տարվա հոկտեմբերի 20-ից մինչեւ այս տարվա հունվարի 31-ը ուսումնասիրել է Առողջապահության նախարարության 2021-ի պետական բյուջեի 9 ամիսների մուտքերն ու ելքերը: «Ժողովուրդ» օրաթերթին որոշ մանրամասներ հայտնի դարձան. օրինակ՝ նախարար Անահիտ Ավանեսյանի՝ 2021 թվականի հուլիսի 23-ի թիվ 443-Ա եւ նույն տարվա օգոստոսի 2-ի թիվ 528-Ա հրամաններով՝ նախարարության արտակարգ իրավիճակների եւ զորահավաքային նախապատրաստության բաժնի գլխավոր համակարգող-խորհրդատուն գործուղվել է Վայոց ձորի եւ Կոտայքի մարզեր, սակայն գործուղման ծախսերի հաշվետվությունը բացակայում է:

Բացի այս, Անահիտ Ավանեսյանի մեկ այլ հրամանով Լ.Ն.-ն (ենթադրվում է, որ խոսքը փոխնախարար Լենա Նանուշյանի մասին է) գործուղվել է Մարտունի, սակայն գործուղման հիմք հանդիսացող փաստաթղթերը բացակայել են, մինչդեռ գործուղումը, դարձյալ համաձայն նախարարի 2021 թվականի մարտի 29-ի հրամանի, պետք է իրականացվեր 2021թ. ապրիլի 1-ից մինչեւ հունիսի 30-ը ներառյալ, սակայն այն իրականացվել է 2021թ. հուլիսի 22-ից մինչեւ հուլիսի 25-ը ներառյալ: Ըստ ՀՊ-ի՝ նախարարությունը կազմակերպությունների կողմից ներկայացված կատարողականների դիմաց վճարումները իրականացրել է ոչ լիարժեք, կամայական սկզբունքով:

Մի շարք միջոցառումների դեպքում հաշվետու ժամանակահատվածի ճշգրտված պլանը զգալիորեն գերազանցել է փաստացի կատարողական ցուցանիշը, ինչը, ըստ Պալատի, հետեւանք է ոչ ճիշտ պլանավորման եւ պետական բյուջեի միջոցների ոչ արդյունավետ բաշխման։ Ի դեպ, «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ հունվարի 24-ի դրությամբ ԱՆ կողմից արձանագրված այլ անհամապատասխանությունների եւ խեղաթյուրումների մասին Պալատն արձագանք չի ստացել»։

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր