211652_close_icon
views-count1532 դիտում article-date 17:49 30-01-2022

Հայաստանը և Նիդերլանդները նշում են դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը

Հայաստանը և Նիդերլանդները նշում են երկկողմ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-րդ տարեդարձը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ Հայաստանի Հանրապետության և Նիդերլանդների Թագավորության միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են ուղիղ 30 տարի առաջ՝ 1992 թ. հունվարի 30-ին:

Այդ օրը կողմերը փոխանակվել են դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին հայտագրերով: Իսկ առհասարակ, Հայաստանը և Նիդերլանդները 30 տարվա ընթացքում ստորագրել են տարբեր բնագավառներում փոխգործակցության և ծրագրերի իրականացման մասին 5 համաձայնագիր և 8 հուշագիր:

Երկու երկրները համագործակցում են մի շարք ոլորտներում, այդ թվում՝ միջազգային համագործակցության, տնտեսության, ժողովրդավարության և մարդու իրավունքների ոլորտում։ Որպես Եվրամիության անդամ երկիր՝ Նիդերլանդները տարբեր ծրագրերով աջակցում են Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների առաջմղմանը և մարդու իրավունքների ամրապնդմանը:

Հայաստանում Նիդերլանդների դեսպան Նիկո Սխերմերսի խոսքով՝ Հայաստանն ու Նիդերլանդները փոխգործակցության ներուժ ունեն նաև տնտեսության, մասնավորապես՝ գյուղատնտեսության, տեղեկատվական տեխնոլոգիաների և զբոսաշրջության ոլորտում: Նիդերլանդները աշխարհում երկրորդն է գյուղատնտեսական ապրանքների արտահանման ակտիվությամբ, և Ամստերդամի կարծիքով՝ Հայաստանը նույնպես առաջարկելու բան ունի այս ոլորտում:

Հյուսիսարևմտյան Եվրոպայում գտնվող այս երկիրը, որը մեզ հայտնի նաև որպես Հոլանդիա, 2020 թվականին պաշտոնապես հրաժարվել է «Հոլանդիա» անվանումից և կոչվում է Նիդերլանդների Թագավորություն: Բոլոր դեպքերում, անկախ թագավորության անվանումից՝ Հայաստանը և Նիդերլանդներն ունեն որոշ ընդհանուր եզրեր, որոնք կարող են նպաստել երկկողմ հարաբերությունների զարգացմանը: Կապող օղակներից մեկը Նիդերլանդների հայ համայնքն է:

Հայ-նիդերլանդական առնչությունները շատ հին պատմություն ունեն և իրենց արմատներով հասնում են մինչև վաղ միջնադար: Առաջին հիշատակությունը վերաբերում է 4-րդ դարին, երբ Նիդերլանդներում է հաստատվել ծագումով հայ հոգևորական սուրբ Սերվատիոսը:

Հոլանդացիներն ու հայերը առնչվել են նաև Խաչակրաց պատերազմների ժամանակ: Հայտնի է, որ 13-րդ դարում հոլանդացի վաճառականները Արևելք մեկնելու ճանապարհին այցելել են Կիլիկյան Հայաստան, և նրանց ու տեղի հայ վաճառականների միջև հաստատվել են գործնական կապեր: Ամստերդամ այցելած հայ վաճառականների մասին առաջին տեղեկությունները գրանցվել են 16-րդ դարի երկրորդ կեսին: 17-18-րդ դդ. Ամստերդամը եղել է հայ գրատպության նշանավոր կենտրոններից մեկը:

Հայերը Նիդերլանդներում ապրում են ակտիվ հասարակական, քաղաքական, մշակութային կյանքով։ Նիդերլանդների Թագավորությունում ժամանակակից հայ համայնքը ձևավորվել է Երկրորդ աշխարհամարտից հետո: 2020 թ. տվյալներով՝ այս երկրում բնակվում է շուրջ 40 հազար հայ:

Իսկ 1991 թ. Հայաստանի Հանրապետության անկախության հռչակումից և հայ-նիդերլանդական դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր Հայաստանի ղեկավարության կողմից մի շարք բարձր և բարձրագույն մակարդակի այցեր են եղել Նիդերլանդներ, այդ թվում՝ ի դեմս նախագահներ Լևոն Տեր-Պետրոսյանի (1997 թ.) և Սերժ Սարգսյանի (2014 թ.):

2018 թ. հոկտեմբերից Նիդերլանդների Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանն է Տիգրան Բալայանը։ Իսկ Հայաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպանը Նիկոլաս Սխերմերսն է, որն իր հավատարմագրերը ՀՀ նախագահին հանձնել է 2020 թ. սեպտեմբերի 23-ին:

Նմանատիպ նյութեր