211652_close_icon
views-count2171 դիտում article-date 10:41 29-01-2022

Ի դեմս վարչապետի աթոռը գրաված անձի, Ժխտողականությունը ձեռք է բերում անսպասելի, աներևակայելի դաշնակցի․ «Ազգ»

«Ազգ» թերթի առաջնորդողը գրում է․ «Հունվարի 24-ին թուրքական ժխտողականությունը (negationism) ծանրակշի՜ռ աջակցություն ստացավ, երբ Նիկոլ Փաշինյանը վատ բեմադրված ասուլիսում ի մեջ այլոց հայտարարեց. «Հայաստանի Հանրապետությունը երբեք Հայ դատի քաղաքականություն չի վարել, իսկ Ցեղասպանության ճանաչման լոկոմոտիվը միշտ Սփյուռքն է եղել»: Աջակցություն՝ որն անսպասելի էր Թուրքիայի ղեկավարության համար, որն իր ամենապայծառ երազներում անգամ չէր կարող նման բան լսել ու տեսնել: Թուրքական մամուլը ցնծության մեջ է, ինչպես կողքի սյունակում վկայում է մեր թուրքագետ աշխատակիցը՝ Հակոբ Չաքրյանը: Եվ իրավունք ունեն, քանզի ավելի քան 100 տարի արդեն ժխտում, ուրանում, հաճախ նաեւ «հայ հրոսակների» վրա են գցում, իրենց բառով՝ «մարդկային ողբերգությունը», որին զոհ են գնացել, իբր, 1,5 միլիոն հայերի հետ նաեւ թուրքեր:

Ժխտողականությունը, ինչպես բացատրում են Լեմկինն ու նրան հաջորդած տեսաբանները, ոճրագործության երկրորդ հանգրվանն է, երկրորդ զենքը, որը ուժգնացնում, շարունակական է դարձնում Ցեղասպանության արարքը, ու եթե ոճրագործին հաջողվում է մոռացության կամ անուշադրության մատնել իր ոճիրը, ապա անցնում է նոր ոճիրներ ծրագրելուն, կամ օրինակ է դառնում ուրիշներին, ինչպես դեռեւս 1932-ին էր Ադոլֆ Հիտլերը «արդարացնում» Հոլոքոսթի իր ապագա ծրագիրը՝ վկայակոչելով «հայերի կոտորածների» մոռացության տրվելը…

Այո, ցեղասպանության արարքը սովորություն ունի կրկնվելու: Ահա՛ թե ինչու ավելի քան 30 պետություն, ոմանք պետական ամբողջական մակարդակով, ինչպես Մ. Նահանգները, ոմանք՝ խորհրդարանական, ինչպես Շվեյցարիան եւ ուրիշներ, հատկապես վերջին 30 տարիների ընթացքում ճանաչել, դատապարտել, հանցանքը ընդունել են պահանջել Թուրքիայից, ոչ որպես սոսկ ճանաչելու, այլ՝ ժխտողականությանը վերջ տալու ակնկալությամբ, ցեղասպանական արարքների կրկնությունը բացառելու, կանխելու մտահոգությամբ:

Այո, ժխտողականությունը, Լեմկինի ու մյուսների բացատրությամբ, ծանրագույն ոճիր է, համազոր՝ ցեղասպանության արարքի, որը հայերիս ու բախտակից այլ ժողովուրդների պարագայում շարունակությունն է 1915թ.ի ոճրագործության:

Եվ ահա՛, ի դեմս վարչապետի աթոռը գրաված անձի, Ժխտողականությունը ձեռք է բերում անսպասելի, աներեւակայելի դաշնակցի, այս պարագայում՝ գործակցի, իմա՝ հանցակցի, այսինքն՝ ոճրագործի»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր