211652_close_icon
views-count1600 դիտում article-date 15:10 27-01-2022

Գյուղոլորտում լիզինգի ծրագրերով սարքավորումներ ձեռք բերելու պայմանները լավացել են. վարկը հասանելի կլինի 2 տոկոսով

Կառավարությունն այսօրվա նիստում փոփոխություններ կատարեց «Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման առաջին միջոցառումը հաստատելու մասին» որոշման մեջ, որը վերաբերում է ագրոպարենային սարքավորումների լիզինգի ծրագրին:

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը նշեց, որ մասնավորապես, ագրոպարենային սարքավորումների լիզինգի նոր պայմանները հետեւյալն են. կանխավճարի չափը՝ 20 տոկոս, լիզինգի առավելագույն տոկոսադրույքը բանկերի համար դրամով մինչեւ 12 տոկոս է, արտարժույթով՝ մինչեւ 9 տոկոս:

«Սուբսիդավորման արդյունքում տնտեսվարողին հասանելի կլինի ՀՀ դրամով՝ 2 տոկոսով, եւ արտարժույթով՝ 3 տոկոսով: Ձեռքբերվող սարքավորումների արժեքների հանրագումարը մեկ տնտեսվարողի համար մինչեւ 1 մլրդ դրամ է, այս չափը չենք փոխել: Մարման ժամկետը մինչեւ 5 տարի է, արտոնյալ ժամկետը՝ մինչեւ 3 ամիս: Կա նաեւ դադարի շրջանների հնարավորություն, տարեկան մինչեւ 6 ամիս:

Գյուղտեխնիկայի լիզինգի ծրագրի պայմաններն են՝ 20 տոկոս կանխավճար,  լիզինգի տոկոսադրույքը մինչեւ 14 տոկոս, սուբսիդավորման արդյունքում տնտեսվարողին հասանելի կլինի 2 տոկոսով: Ձեռքբերվող տեխնիկայի ընդհանուր գումարը մեկ տնտեսվարողի համար մինչեւ 250 մլն դրամ է, որը բարձրացրել ենք 50 մլն-ով: Մարման ժամկետը մինչեւ 10 տարի է: Կա նաեւ դադարի շրջանների հնարավորություն, տարեկան մինչեւ 6 ամիս:

Երրորդ ծրագիրը ինտենսիվ այգեգործության եւ բարձրարժեք մշակաբույսերի մշակության ծրագիրն է: Այստեղ վարկի տոկոսը մինչեւ 14 տոկոս է, սուբսիդավորման արդյունքում այն տնտեսվարողին հասանելի կլինի 2 տոկոս: Վարկի մարման ժամկետը այգի հիմնելու դեպքում 8 տարի է, կարկտապաշտպանի դեպքում 7 տարի, ոռոգման համակարգերի եւ ջրավազանների դեպքում 4 տարի, ոչ ավանդական մշակաբույսերի դեպքում 2 տարի եւ այլն:

Մայր գումարի արտոնյալ ժամկետը այգի հիմնելու դեպքում մինչեւ 5 տարի է, կարկտապաշտպանի դեպքում մինչեւ 3 տարի, ոռոգման համակարգերի եւ ջրավազանների դեպքում մինչեւ 1 տարի, ոչ ավանդական մշակաբույսերի դեպքում մինչեւ 1 տարի»,- ասաց նա:

Նմանատիպ նյութեր