211652_close_icon
views-count1024 դիտում article-date 10:29 26-01-2022

Պետք է հստակ արձանագրել փոփոխությունը․ «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Վարչապետի հերթական «ասուլիսը» առանձնապես նորություններ չէր պարունակում նախորդ՝ դեկտեմբերի 24-ի նմանատիպ միջոցառման հետ համեմատ։ Դա վերաբերում է թե՛ ձեւին եւ թե՛ բովանդակությանը։ Ձեւի տեսակետից «անհարմար» հարցերը կա՛մ շրջանցվում էին կա՛մ վերաձեւակերպվում։ Ի դեպ, անցած կիրակի  «Առավոտը» հարց չէր ուղարկել, որովհետեւ նախորդ անգամ մեր հարցը չէր հնչեցվել:  Իսկ  այդ՝  անպատասխան մնացած հարցում մենք հիշեցնում էինք, որ 2020 թվականի հոկտեմբերի 8-ին՝ պատերազմի ընթացքում «Spiegel» շաբաթաթերթին տված հարցազրույցում, Փաշինյանը հայտարարել էր, որ «100 տարի անց Թուրքիան Հարավային Կովկաս է վերադառնում՝ շարունակելու հայերի ցեղասպանության քաղաքականությունը», եւ, հետաքրքրվում՝ ի՞նչ է փոխվել:

«Ասուլիսի» անցկացման անհաջող ձեւը գալիս է եւս մեկ անգամ ապացուցելու, որ երկրի ղեկավարը պետք է ունենա մամուլի քարտուղար եւ նորմալ աշխատող լրատվական ծառայություն, որը նախօրոք, պաշտոնապես եւ ցանկալի է՝ աշխատանքային օրերի ընթացքում տեղեկացնի ԶԼՄ-ներին այդ ասուլիսի մասին:

Բովանդակության տեսակետից, ըստ էության, նորություն էին Արմեն Սարգսյանի հրաժարականի հետ կապված դատողությունները, որոնք հիմնականում տրամաբանական էին:

Տրամաբանական չէին մի շարք այլ պնդումներ (վերծանում եմ դրանք՝ ազատելով հռետորաբանական պատմուճաններից)։

1.Բարձրաստիճան կուսակցականները գնում են բուհերի ղեկավարությունը վերահսկելու՝ բուհերի ապակուսակցականացումն ապահովելու համար։

2.Ալիեւն ասում է, որ Երեւանն ադրբեջանական քաղաք է այն պատճառով, որ 1994 թվականից հետո Հայաստանում խոսում էին այն մասին, որ Բաքուն հայկական քաղաք է (տեսնես, ովքե՞ր էին Հայաստանի ղեկավարներից նման բաներ ասել):

3.Եթե ձեզ դուր չի գալիս, որ ՔՊ-ական պատգամավորը վիրավորում է լրագրողներին, ուրեմն դուք նրա խոսքերը ձեզ եք վերագրում եւ, հետեւաբար, հենց այն եք, ինչ պատգամավորն ասում է: Եվ այլն:

Բայց դրանք, իմ ընկալմամբ, մանրուքներ են, հռետորական հնարքներ՝ հարցերի տակից դուրս գալու համար: Քաղաքական առումով կարեւորն է այն, որ Հայաստանի վարչապետը ՉԻ ԱՍՈՒՄ, որ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում եւ ՉԻ ԱՍՈՒՄ, որ Հայաստանը շարունակելու է Ցեղասպանության ճանաչմանն ուղղված պետական քաղաքականությունը: Մնացած թեզերը (օրինակ`որ 1992 կամ 2016 թվականին ամեն ինչ հանձնած-պրծած են) «համեմունքներ» են՝ դրա մասին թող «ներկաներն» ու «նախկինները» վիճեն: Էականն այն է, որ Հայաստանի արտաքին քաղաքականության հայեցակարգն էապես փոխվել է 2020 թվականի նոյեմբերից 9-ից հետո: Դա պետք է հստակ ու միանշանակ արձանագրվի եւ դրվի քաղաքացիների քննարկմանը: Ինձ թվում է, որ քաղաքացիների մեծամասնության համար այդ փոփոխությունն ընդունելի է կամ առնվազն՝ հետաքրքիր չէ»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր