211652_close_icon
views-count1607 դիտում article-date 09:26 26-01-2022

Հայաստանը վերջին տասնամյակում հակակոռուպցիոն զգալի առաջընթաց է գրանցել․ Transparency International․ «Ամերիկայի ձայն»

Transparency International-ը հրապարակել է «Կոռուպցիայի ընկալման ինդեքս 2021թ.» տարեկան իր զեկույցը, ուր անդրադարձել է նաև Հայաստանում հակակոռուպցիոն պայքարին: Հաղորդում է «Ամերիկայի ձայնը»։

Արևելյան Եվրոպայի ու Կենտրոնական Ասիայի երկրների ենթախմբում, որը չի ընդգրկում ԵՄ անդամներին, ըստ Transparency International-ի կոռուպցիայի մասին այս տարվա զեկույցի, միայն երեք երկրներ՝ Վրաստանը (55), Հայաստանը (49) և Չեռնոգորիան (46) արձանագրել են գլոբալ 43 միավորից ավելի բարձր ցուցանիշ: Ենթախմբի մնացած բոլոր երկրների ցուցանիշներն ավելի ցածր են:

Ըստ Transparency International-ի, 49 միավոր ունեցող Հայաստանը վերջին տասը տարիներին զգալի առաջընթաց է արձանագրել «Կոռուպցիայի ընկալման ինդեքս» տարեկան զեկույցում՝ 2012 թվականից ի վեր բարձրանալով 15 կետով: Զեկույցը Հայաստանը որակում է` «success story» հակակոռուպցիոն պայքարի համատեքստում հատկապես վերջին հինգ տարիների ընթացքում: Մասնավորապես, ըստ զեկույցի, 2018 թվականի թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանը բարելավեց իր դիրքերը ժողովրդավարության զարգացման ոլորտում և դրական քայլեր ձեռնարկեց կոռուպցիայի դեմ պայքարում՝ ընդլայնելով քաղաքացիական ազատությունները և ճանապարհ հարթելով դեպի ավելի կայուն քաղաքացիական ներգրավվածություն և հաշվետվողականություն:

Զեկույցը նշում է նաև, որ չնայած առաջընթացին, 2021 թ-ին հակակոռուպցիոն պայքարը և դատաիրավական բարեփոխումները կանգ են առել համաճարակի և Լեռնային Ղարաբաղի շուրջ վերսկսված հակամարտության հետևանքով առաջ եկած քաղաքական և տնտեսական ճգնաժամի պատճառով: Դատական համակարգի անկախության ապահովումն ու հակակոռուպցիոն հակակշիռների ստեղծումը շարունակում են հանդիսանալ հակակոռուպցիոն ջանքերի առաջնային խնդիրներ: Transparency International-ը կոչ է անում ՀՀ իշխանություններին վերահաստատել իրենց հանձնառությունը ժողովրդավարության զարգացմանն ու կոռուպցիյի դեմ պայքարին:

Զեկույցը նշում է, որ 2021 թվականին Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի ենթախմբի երկրներում արձանագրվել է ավտորիտարիզմի, մարդու իրավունքների ոտնահարման և կոռուպցիայի աճ։ Քաղաքական վերնախավը օգտագործում է COVID-19 համաճարակը որպես պատրվակ՝ հանրային վերահսկողությունն ու պատասխանատվությունը թուլացմելու համար: Օրինակ, ըստ զեկույցի, հակակոռուպցիոն ընկալման սանդղակում 29 միավոր ունեցող Ռուսաստանում և 30 միավոր արձանագրած Ադրբեջանում իշխանությունները օգտագործում են համավարակը այլախոհությունն ու ազատ մամուլը բռնաճնշելու համար:

Հայաստանից բացի, ըստ զեկույցի, վերջին տասը տարիների ընթացքում զգալիորեն իրենց դիրքերն են բարելավել նաև ավելի քան երկու տասնյակ այլ երկրներ, ներառյալ Աֆղանստանը, Անգոլան, Ավստրիան, Բելառուսը, Չինաստանը, Կոտ դ’Իվուարը, Էստոնիան, Եթովպիան, Հունաստանը, Գայանան, Իտալիան, Լատվիան, Մոլդովան, Մյանմարը, Նեպալը, Պարագվայը, Սենեգալը, Սեյշելյան կղզիները, Հարավային Կորեան, Տանզանիան, Թիմոր-Լեստեն, Ուկրաինան, Ուզբեկստանը և Վիետնամը:

Փոխարենը, վերջին 10 տարում հակակոռուպցիոն պայքարում զգալիորեն հետընթաց են ապրել Ավստրալիան, Բոսնիա - Հերցեգովինան, Բոտսվանան, Կանադան, Չիլին, Կիպրոսը, Գվատեմալան, Հոնդուրասը, Հունգարիան, Լիբանանը, Լիբերիան, Լյուքսեմբուրգը, Մալին, Մոնղոլիան, Նիկարագուան, Ֆիլիպինները, Լեհաստանը, Սենտ Լյուսիան, Հարավային Սուդանը, Սիրիան, Թուրքիան, Վենեսուելան և ԱՄՆ-ը:

Զեկույցում նշվում է, որ այն երկրները, որոնք պարբերաբար խախտում են քաղաքացիական ազատությունները, մշտապես ավելի ցածր ցուցանիշներ են գրանցում հակակոռուպցիոն զեկույցում: Ժողովրդավարության հետընթացը ճանապարհ է հարթում դեպի ավտորիտարիզմ, որը նպաստում է կոռուպցիայի ավելի բարձր մակարդակի, նշում է Transparency International-ի զեկույցը:

Նմանատիպ նյութեր