211652_close_icon
views-count80955 դիտում article-date 14:23 10-01-2022

Կրակոցներ Արարատի մարզում. 88-ամյա կինը «աջ սրունքի հրազենային վիրավորում» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց. ժամանել են մարզի և տարածքի ոստիկանապետերը

Երեկ՝ հունվարի 9-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 18:40–ի սահմաններում «Մասիս» բժշկական կենտրոնից ոստիկանության Մասիսի բաժին ահազանգ է ստացվել, որ «աջ սրունքի հրազենային վիրավորում» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել  մի քաղաքացի:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Սարիբեկ Ռուստամյանը,  ոստիկանության Մասիսի բաժնի պետ Վահագն Գրիգորյանը:

Ոստիկանները պարզել են, որ  վիրավորը  Ռանչպար գյուղի բնակիչ, 88-ամյա Անիչկա  Մ.-ն է:

Ոստիկանները պարզել են նաև, որ նույն օրը՝ ժամը 16:15-ի սահմաններում, վիրավորը, գտնվելով իր տան բակում, կրակոցների ձայներ է լսել, որից հետո նկատել է, որ աջ սրունքի փափուկ հյուսվածքից արյուն է հոսում և հասկացել է, որ  վնասվածքը ստացել է անհայտ  որսորդի անզգուշաբար  կրակոցից:

Արդեն ժամանելով դեպքի վայր, Մասիսի ոստիկանները՝  հետաքննական բաժանմունքի ավագ հետաքննիչ Հալաբյանի գլխավորությամբ,  դեպքի վայրի զննությամբ հայտնաբերել են 1 հատ կապարե կոտորակ:

Մասիսի ոստիկանները ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ որս կատարած անձի ինքնությունը պարզելու,  նրան  հայտնաբերելու ուղղությամբ:

Փաստի առթիվ Մասիսի հետաքննիչի կողմից նյութեր են նախապատրաստվում:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 
    

Նմանատիպ նյութեր