211652_close_icon
views-count40602 դիտում article-date 10:07 29-12-2021

Գեղարքունիքի մարզի ոստիկանները Սևանա լճի «Կարմիր ավազ» տարածքում հայտնաբերել են որսագողերին. վերջիններս հարազատ եղբայրներ են. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝  երեկ՝ դեկտեմբերի 28-ին, ՀՀ ոստիկանության Գեղարքունիքի  մարզային վարչության, ոստիկանության Մարտունու և Վարդենիսի բաժինների ծառայողները, օպերատիվ տվյալներ իրացնելով, որսագողություն կատարելու կասկածանքով ոստիկանության Մարտունու բաժին են բերման ենթարկել  2  քաղաքացու:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Մարտունու ոստիկանությունում օպերատիվ տեղեկություններ  էին ստացվել, որ Գեղարքունիքի մարզի բնակիչներ, 34-ամյա Մասիս Պ.-ն և 31-ամյա Ոսկան Պ.-ն  Արծվանիստ գյուղի վարչական տարածքում՝ «Կարմիր ավազ»  կոչվող տարածքում զբաղվում են ապօրինի ձկնորսությամբ և պետք էր օպերատիվ ու գրագետ գործեին, որպեսզի կարողանային հենց դեպքի վայրում բռնել նրանց, ինչպես իրավապահ համակարգում է ասվում՝ «իրեղենով»:

 Ոստիկանները ժամանակին հասնելով նշված վայր, հայտնաբերել են նրանց, ինչպես նաև ձկնորսական մոտորանավակը, որի մեջ հայտնաբերվել է  69  հատ «սիգ» և 1 հատ «իշխան» տեսակի՝ 27 կգ ընդհանուր քաշով ձկներ:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ հայտնաբերվել է նաև Ոսկան Պ.-ին պատկանող ВАЗ 2101 մակնիշի ավտոմեքենան: 

Վերջիններս բերման են ենթարկվել  ոստիկանության Մարտունու բաժին, կատարվածի մասին բացատրություններ են տվել և բաց են թողնվել:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Մասիս և Ոսկան Պ.-երը հարազատ եղբայրներ են և ոստիկանությունում հայտնել են, որ նշված ձկները որսացել են «Կարմիր ավազ» կոչվող տարածքից՝   ձկնորսական ցանցերով և այն օգտագործեու էին որպես սնունդ:

Ֆոտոլրագրողի  տեղեկություններով՝ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետի կողմից հրահանգվել է  մարզի տարածքային բաժինների, համայնքային ոստիկանության բաժանմունքների տեսուչներին, որպեսզի նրանք բնակչության հետ հանդիպումներ ունենան ու հայտնեն, որ  այս օրերին   որսը, այդ թվում՝ Սևանա լճում, արգելված է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները՝  Սևակ Սահակյանի
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 11+
11+

Նմանատիպ նյութեր