211652_close_icon
views-count1567 դիտում article-date 10:04 29-12-2021

ԱՄՆ-ն և Ռուսաստանն անվտանգության հարցերով բանակցություններ կսկսեն հունվարի 10-ին․ «Ամերիկայի ձայն»

ԱՄՆ-ը և Ռուսաստանը անվտանգության երաշխիքների շուրջ բանակցություններ կսկսեն հունվարի 10-ին «Ֆրանս պրես» գործակալությանը հայտնել է Սպիտակ տան մի պաշտոնյա: Հաղորդում է «Ամերիկայի ձայնը»։

Մրցակիցները կքննարկեն միջուկային զենքի վերահսկման շուրջ հարցեր և Ուկրաինայի շուրջ աճող լարվածությունը։

«Միացյալ Նահանգները անհամբերությամբ է սպասում Ռուսաստանի հետ շփումներին», - ասել է Ազգային անվտանգության խորհրդի ներկայացուցիչը՝ խնդրելով իր անունը չհրապարակել։

«Երբ մենք նստենք բանակցությունների սեղանի շուրջ, Ռուսաստանը կարող է արտահայտել իր մտահոգությունները, մենք էլ կհայտնենք մեր անհանգստությունը Ռուսաստանի գործողությունների վերաբերյալ»,- հավելել է նա։

Նա ասել է նաեւ, թե սպասվում է, որ դրանից հետո՝ հունվարի 12-ին, տեղի կունենա Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի ներկայացուցիչների հանդիպումը, իսկ հունվարի 13-ին՝ Ռուսաստանի և ԵԱՀԿ-ի միջեւ հանդիպումը։

Հունվարի 10-ին կայանալիք հանդիպումը լինելու է Անվտանգության ռազմավարական երկխոսության մի մասը, ինչի մասին հայտարարվել էին ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը և նրա ռուս պաշտոնակից Վլադիմիր Պուտինը հունիս ամսին Ժնևում անցկացված գագաթաժողովում:

Ռուսաստանը հաստատել է նախատեսված ժամկետները։

Անվտանգության երաշխիքների վերաբերյալ ռուս-ամերիկյան խորհրդակցությունները նախատեսվում է անցկացնել հունվարի 10-ին Ժնևում, երեքշաբթի ՏԱՍՍ-ին հայտնել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը։

«Հունվարի 10-ը ռուս-ամերիկյան երկկողմ խորհրդակցությունների հիմնական օրն է, որը, հուսով ենք, կվերածվի մեր համաձայնագրերի նախագծերի շուրջ բանակցությունների»,- ասել է նա։

Նրա կարծիքով, կողմերը մեկ հանդիպման ընթացքում չեն լուծի երաշխիքների վերաբերյալ բոլոր հարցերը։ «Մեկ օրում հնարավոր չէ համաձայնության գալ, բայց գործընթացը ձգձգել այլեւս չենք կարող. հարցը շատ հրատապ է և շատ լուրջ»,- ասել է Ռյաբկովը նա։

Նմանատիպ նյութեր