211652_close_icon
views-count1217 դիտում article-date 22:50 10-12-2021

Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը մասնակցել է Հայաստանում կանաչ էներգիայի ապագայի վերաբերյալ համաժողովին

Դեկտեմբերի 10-ին ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը մասնակցել է «Համախմբվելով հանուն կանաչ էներգիայի» խորագիրը կրող համաժողովին: Այն նախաձեռնվել էր «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանի» և Երևանում Բրիտանական դեսպանատան կողմից:

Հանդես գալով ողջույնի խոսքով՝ փոխվարչապետը նշել է. «Ինչպես Հայաստանի, այնպես էլ ամբողջ աշխարհի համար կանաչ ապագայի տեսլականը այլընտրանք չունի: Կլիմա¬յի փոփոխության հետևանքով մարդկությանը և բնությանը պատճառվում են անդառնալի վնասներ, ինչը ստիպում է պատասխանատվություն ստանձնել և համատեղ իրական ջանքեր գործադրել կանաչ ապագայի կառուցման ուղղությամբ:

2021թ. Հայաստանի կառավարությունը հաստատել է Փարիզյան համաձայնագրի ներքո Ազգային մակարդակով սահմանված գործողությունները 2021-2030թթ. համար: Ըստ այդմ՝ նախատեսվում է մինչև 2030թ. ջերմոցային գազերի արտանետումները նվազեցնել 40%-ով՝ 1990թ. մակարդակի համեմատ։ Այդ կապակցությամբ 2021-2026թթ․ կառավարության ծրագրով Հայաստանը նախատեսել է մի շարք միջոցառումներ՝

• Էլեկտրաէներգիայի արտադրության կառուցվածքում կանաչ էներգիայի տեսակարար կշռի ավելացում,
• էլեկտրական շարժիչով աշխատող տրանսպորտային միջոցների խթանում և հարակից ենթակառուցվածքների ներդրում,
• անտառապատում և այլ անհրաժեշտ աշխատանքների իրականացում։

Ցանկանում եմ նաև ընդգծել, որ արտանետումների նվազեցման ուղղությամբ սահմանված թիրախներն ապահովելու և կլիմայի փոփոխության դեմ համաշխարհային օրակարգին ակտիվ մասնակից դառնալու համար հանրային միջոցները բավարար չեն: Այս համատեքստում կարևորում եմ կայուն ֆինանսավորման օրակարգի շուրջ միջազգային գործընկերների հետ համագործակցությունը: Այս ուղղությամբ արդեն իսկ իրականացվում են գործուն քայլեր՝ մասնավորապես նկատի ունենալով Հայաստանի կենտրոնական բանկի համագործակցությունը միջազգային հեղինակավոր հարթակների և կազմակերպությունների հետ:

Հարգելի՛ ներկաներ,

Այսօրվա համաժողովը բացառիկ հնարավորություն է ընձեռում, որպեսզի մատնանշենք մեր միասնական նպատակի համար անհրաժեշտ գործնական քայլերը: Այստեղ հավաքվածներից յուրաքանչյուրը այս գործընթացի ակտիվ մասնակիցն է։ Վստահ եմ, որ, որպես կայուն ֆինանսավորման դեսպաններ, դուք շարունակելու եք աջակցել մեզ՝ մեկտեղելով բոլորիս ջանքերը՝ հանուն Հայաստանի կանաչ ապագայի»:

Բացման խոսքով են հանդես եկել նաև ՀՀ-ում Միացյալ Թագավորության դեսպան Ջոն Գալագերը և «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանի» գլխավոր գործադիր տնօրեն Իրինա Սեյլանյանը: 2 մասից բաղկացած համաժողովի առաջին հատվածում քննարկվել են տնտեսության կայուն զարգացման հիմնահարցերը՝ հետազոտությունների ու կրթության, ֆինանսական ծառայությունների ու կարգավորումների և պետության դերի մասին: Համաժողովի երկրորդ մասը նվիրված է եղել կայուն ֆինանսավորման ոլորտի կարգավորման հեռանկարներին՝ բնապահպանությանն առնչվող ֆինանսական ռիսկերի և կայուն ֆինանսավորման ներկայիս միտումների, ՀՀ կառավարության զարգացման տեսլականի, ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության 26-րդ կոնֆերանսի արդյունքների ու հետագա քայլերի, կանաչ պարտատոմսերի և այլ հարցերի վերաբերյալ: Համաժողովն ամփոփվել է պանելային քննարկմամբ:

Նմանատիպ նյութեր