211652_close_icon
views-count1306 դիտում article-date 13:30 10-12-2021

ԱՀ ԱԺ նախագահը ուղերձ է հղել ԱՀ Անկախության հանրաքվեի 30-ամյակի, մարդու հիմնարար իրավունքների և Սահմանադրության օրվա առթիվ

ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանի ուղերձը  ԱՀ Անկախության հանրաքվեի 30-ամյակի, մարդու հիմնարար իրավունքների  և Սահմանադրության օրվա առթիվ
30 տարի առաջ այս օրը՝ 1991 թ.-ի դեկտեմբերի 10-ին՝   Խորհրդային  Միության  պաշտոնական  անկումից ընդամենը  մի քանի օր  առաջ, Լեռնային  Ղարաբաղի  Հանրապետության  ժողովուրդը հանրաքվեով  ամրագրել և իրացրել է անկախ պետություն  ունենալու  իր  իրավունքը: 

Օրը պատահական  չէր ընտրված․ այն խորհրդանշական էր , քանի որ այդ օրը նշվում է նաև որպես մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օր։

Անկախության համար արցախահայության դարավոր պայքարի պատմության մեջ անկախության հանրաքվեն պետականության նոր աստիճան էր, որն ամփոփում էր ժողովրդավարության, ազգային-ազատագրական պայքարի ձեռքբերումները և հանդիսանում է պետականության զարգացման օրինաչափ ու բարձրագույն աստիճանը։

Ինչպես 1991թ. Անկախության հանրաքվեն, այնպես էլ 2006թ. մեր երկրի հիմնական օրենքի` Սահմանադրության ընդունումը մեկ անգամ ևս վկայեցին, որ Արցախի ժողովուրդը վճռական է  պաշտպանելու ազատ ապրելու կամքն ու շահերը, պաշտպանելու դրանք միջազգային իրավունքի նորմերին ու չափանիշներին համապատասխան:

1991 թվականին անկախություն հռչակած Արցախն անցել է պարտադրված պատերազմի միջով, հաղթահարել  բազում դժվարություններ ու փորձություններ։ 1992-94 թթ․արցախյան գոյամարտում հայ ազգը ցույց տվեց իր միասնականության ուժը, կարողացավ կասեցնել հակառակորդի ագրեսիան և ազատագրել հայկական տարածքների մեծ մասը։

2016թ․ Ապրիլյան պատերազմով Ադրբեջանը կրկին բացահայտ  ցույց  է տվել  արցախահայության ոչնչացմանն ուղղված իր անմարդկային և հայատյաց նպատակները։
Ադրբեջանական իշխանությունները  մշտապես մերժում  էին  հիմնախնդրի` քաղաքական մեթոդներով կարգավորումը:

Իսկ 2020թ․ աշնանը սանձազերծած արյունոտ պատերազմով ադրբեջանական  նենգ ու բարբարոս քարոզչամեքենան և իշխանական գործիքակազմը Թուրքիայի և ահաբեկչական խմբավորումների անմիջական մասնակցությամբ  փորձել են  ավարտին հասցնել ազգակործան, Արցախի բնիկ հայության ոչնչացման վաղեմի ծրագիրը։
Սակայն շնորհիվ մեր ազգի քաջազուն զավակների՝  այսօր  թեպետ մկրատված, բզկտված, բայց  ունենք Արցախ հայրենիքի մի փոքր մաս։

Արցախի լիակատար ազատության, մեր ժողովրդի ոտնահարված իրավունքների վերականգնման պայքարը դեռ ավարտված չէ․ այն դեռ շարունակվում է։
Մեր օրերում, երբ վտանգված է Արցախի  պետականությունը,  հակամարտության վերջնական լուծման կողքին դրվում է նաևԱրցախի Հանրապետության ինքնորոշման հիմնախնդիրը։
Ադրբեջանական հավակնությունները մեր պատմական հայրենիքի նկատմամբ  կրկին զուրկ են պատմական ու բարոյական հիմքերից, քանզի Արցախը երբեք Ադրբեջանի մաս չի եղել և չի կարող լինել։

Մեր ընտրած ճանապարհն այսօր էլ անշրջելի է, քանի որ այն արդար է և սրբագործված մեր հերոս նահատակների արյամբ: Մենք պարտավոր ենք օր  օրի ամրապնդել մեր պետականությունը, զարգացնել տնտեսությունը, բարելավել մարդկանց կենսապայմանները։
Այսօր համայն հայության ջանքերն ու նպատակները պետք է ուղղված լինեն Հայրենիքի՝ Արցախի ու Հայաստանի անվտանգությունն ու խաղաղությունն ամրապնդելուն, մեր ժողովրդի բարեկեցությունն ապահովելուն։

Խաղաղություն մեր Հայրենիքին, ամուր կամք,համբերություն և բարեկեցություն  հերոսական մեր ժողովրդին։

ԱՀ ԱԺ լրատվության և հանրույան հետ կապերի բաժին

Նմանատիպ նյութեր