211652_close_icon
views-count1355 դիտում article-date 15:20 08-12-2021

ՊԵԿ նախագահը Մեղրիի մաքսակետում դիմավորել է ԻԻՀ մաքսային ծառայության ղեկավարին

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը դեկտեմբերի 8-ին Մեղրիի մաքսային-կետ բաժնում դիմավորել է աշխատանքային այցով Հայաստան ժամանած Իրանի Իսլամական Հանրապետության մաքսային ծառայության ղեկավար Մեհդի Միրաշրաֆիի գլխավորած պատվիրակությանը:

Ռուստամ Բադասյանը և Մեհդի Միրաշրաֆին շրջայց են կատարել Մեղրիի անցակետի տարածքում, ծանոթացել են արտաքին տնտեսական գործունեություն իրականացնողների և քաղաքացիների սպասարկման համար ստեղծված պայմաններին:

Պետական եկամուտների կոմիտեի նախագահին և Իրանի Իսլամական Հանրապետության մաքսային ծառայության ղեկավարին ներկայացվել են սահմանահատման գործընթացի բոլոր փուլերի պատշաճ կազմակերպման ընթացակարգերը: Հանդիպման ընթացքում Ռուստամ Բադասյանը և Մեհդի Միրաշրաֆին անդրադարձել են մաքսային համագործակցության փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերին, երկու երկրների միջև մաքսային ընթացակարգերի պարզեցմանը, բեռնափոխադրման պայմանների բարելավմանն ուղղված քայլերին:

Կողմերը քննարկել են տեղեկատվության նախնական փոխանակման հնարավորությունները, մաքսանենգության դեմ պայքարի արդյունավետության բարձրացման մեխանիզմները, ինչպես նաև փաստել են Նորդուզի և Մեղրիի սահմանային անցակետերի ղեկավարների անմիջական շփումներն ավելի ակտիվացնելու անհրաժեշտությունը։

Այցի շրջանակում դեկտեմբերի 9-ին Երևանում նախատեսվում է Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանի և Իրանի Իսլամական Հանրապետության մաքսային ծառայության ղեկավար Մեհդի Միրաշրաֆիի առանձնազրույցը:

ՊԵԿ տեղեկատվության և
հասարակայնության հետ
կապերի բաժին

Նմանատիպ նյութեր