211652_close_icon
views-count1288 դիտում article-date 16:58 15-06-2022

ՊԵԿ նախագահն աշխատանքային այցով եղել է Մեղրիի մաքսային կետ-բաժնում. քննարկվել է Մեղրիի սահմանային անցակետի արդիականացմանն ուղղված նախապատրաստական աշխատանքների ընթացքը

ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինի և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի Երևանի գրասենյակի ղեկավար Գեորգի Ախալկացիի մասնակցությամբ հունիսի 15-ին աշխատանքային այց է կատարել Հարավային մաքսատուն-վարչության Մեղրիի մաքսային կետ-բաժին՝ մաքսային ծառայության աշխատանքային գործընթացի կազմակերպմանը տեղում հետևելու համար:

Մեղրիի անցակետում ներկայացվել են քաղաքացիների և արտաքին տնտեսական գործունեություն իրականացնողների սպասարկման համար ստեղծված պայմանները: Դիտարկվել են նաև սահմանահատման գործընթացի բոլոր փուլերի պատշաճ կազմակերպման ընթացակարգերը: 

Կոմիտեի ղեկավարն ընդգծել է, որ տնտեսվարողների և քաղաքացիների համար սահմանային անցակետերով դյուրին և արագ տեղաշարժ ապահովելը Պետական եկամուտների կոմիտեի առաջնահերթություններից է, և Հայաստանի հարավային սահմանային անցակետի արդիականացումը ևս կարևոր նշանակություն ունի:

Ռուստամ Բադասյանը հայտնել է, որ առաջիկայում ԵՄ և ՎԶԵԲ ֆինանսական աջակցությամբ կմեկնարկի Մեղրիի սահմանային անցակետի վերակառուցման և արդիականացման ծրագիրը:

ՊԵԿ նախագահը հյուրերի հետ շրջել է տարածքում, ծանոթացել անցակետի արդիականացմանն ուղղված նախապատրաստական աշխատանքների ընթացքին: Ռուստամ Բադասյանը վստահություն է հայտնել, որ անցակետի արդիականացումը նոր ազդակ կհաղորդի Հայաստանի հարավային տնտեսական սահմանով իրականացվող ուղևորափոխադրումների և առևտրաշրջանառության աշխուժացմանը:

Ընդգծվել է, որ Հայաստանի Հանրապետության պետական սահմանի Մեղրիի անցման կետի վերակառուցումն ու արդիականացումը պայմանավորված է անցակետով անձանց և ապրանքներ փոխադրող տրանսպորտային միջոցների հոսքերի շարունակաբար ավելացող աճով: Այն կնպաստի նաև «Հյուսիս-հարավ» տրանսպորտային միջանցքի ակտիվացմանը՝ խթանելով նաև տարանցիկ փոխադրումները:
 
ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Նմանատիպ նյութեր