211652_close_icon
views-count1594 դիտում article-date 23:16 06-12-2021

ՅՈՒՆԻՍԵՖ-ը և Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան ներկայացրեցին «SafeYOU» հավելվածի նորացված տարբերակը

Գենդերային բռնության դեմ պայքարի ամենամյա միջազգային 16-օրյակի շրջանակում ՅՈՒՆԻՍԵՖ-ը և Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան ներկայացրեցին «SafeYOU» հավելվածի նորացված տարբերակը։ Հավելվածը ստեղծվել է 2019 թվականին Իմփակտ ինովացիաների ինստիտուտի կողմից Համաշխարհային բանկի աջակցությամբ և արդեն իսկ ունեցել է ավելի քան 500 ներբեռնում:
 
«ՅՈՒՆԻՍԵՖ-ի համար այս համագործակցությունը կարևորվում է կանանց ու երեխաների նկատմամբ բռնության կանխարգելման ու ռիսկային գործոնների վերացման համատեքստում: Առաջիկա տարիների ընթացքում շարունակելու ենք աշխատել գործընկերների հետ կանանց և երեխաների դեմ բռնության կանխարգելման և պատշաճ արձագանքման ուղղությամբ՝ կիրառելով նորարար և բազամոլորտային մոտեցումներ: Հպարտ ենք համագործակցել բազմաթիվ ընկերությունների հետ հազարավոր կանանց ու աղջիկների համար «SafeYOU»բջջային հավելվածը հասանելի, ներառական, երեխայի պաշտպանության սկզբունքներին և տարիքին համապատասխան ու անվտանգ դարձնելու նպատակով»,- նշել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի սոցիալական քաղաքականության հարցերով պատասխանատու Արմենուհի Հովակիմյանը:
 
Հավելվածի նպատակն է ապահով առցանց միջավայր ստեղծել կանանց և դեռահաս աղջիկների համար, որտեղ նրանք կարող են իրազեկվել իրենց իրավունքների, առողջության, զբաղվածության և այլ թեմաների վերաբերյալ, ստանալ մասնագիտական խորհրդատվություն, ինչպես նաև բռնության պարագայում ահազանգել մասնագիտական աջակցություն տրամադրող կառույցներին։
 
«ՅՈՒՆԻՍԵՖ-ի աջակցությամբ կոալիցիայի անդամ կազմակերպությունները կանանց նկատմամբ բռնության կանխարգելման միջոցառումների ընդլայնման նպատակով հավելվածում պարբերաբար տեղադրելու են կանանց և դեռահաս աղջիկներին իրազեկող իրավունքահեն ու գիտականորեն հաստատված տեղեկատվություն, ինչը թույլ կտա բարձրացնել իրազեկվածության մակարդակն ու ժամանակին դիմել համապատասխան կառույցներին հնարավոր բռնությունը կանխարգելելու կամ ռիսկերը նվազեցնելու, ինչպես նաև պատշաճ ու անվտանգ մասնագիտացված ծառայություններ ստանալու համար»,- նշել է ծրագրի համակարգող Ստելա Չանդիրյանը:
 
Բջջային հավելվածում ներառված են գենդերային բռնության կանխարգելման և պաշտպանության մասնագիտացված ծառայություններ մատուցող կազմակերպությունների ցանցի տվյալները: Շարունակաբար ՅՈՒՆԻՍԵՖ-ի աջակցությամբ բջջային հավելվածում կավելանան կանանց և դեռահաս աղջիկների համար նախատեսված, տարիքին համապատասխան հոդվածներ՝ բարձրացնելու գենդերային բռնության կանխարգելման և պաշտպանությանն առնչվող հարցերի վերաբերյալ նրանց իրազեկվածության մակարդակը: Աշխատանքներ են տարվում հավելվածի անվտանգության ուժեղացման, ինչպես նաև դրա բովանդակության հետագա բարելավման և բովանդակության ավելացման ուղղությամբ, այդ թվում թեմատիկ քննարկումների համար ֆորումների ստեղծման միջոցով:
 
Հավելվածը կարելի է ներբեռնել Google Play կամ App Store բջջային հավելվածներից:
 
Միջոցառմանը ներկա էին Աշխատանքի և սոցիալական հարցերի, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի, Արտակարգ իրավիճակների նախարարությունների, ՀՀ ոստիկանության և Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները, ինչպես նաև գենդերային հիմնախնդիրներով և երեխայի իրավունքների պաշտպանությամբ զբաղվով հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
 
Այս համագործակցությունը ստեղծվել է «Խթանել կանանց հզորացումը Հայաստանում՝ հանուն տնտեսության ճկունության և ՔՈՎԻԴ-19-ից հետո վերագործարկման» ծրագրի շրջանակում, որը հնարավոր է դարձել ՄԱԿ-ի արձագանքման և վերականգնման հիմնադրամում Նիդերլանդների, Դանիայի, Շվեյցարիայի, Նորվեգիայի, Շվեդիայի, Կորեայի Հանրապետության, Ֆինլանդիայի, Նոր Զելանդիայի, Խորվաթիայի, Իսլանդիայի, Թաիլանդի, Սլովակիայի Հանրապետության և Կամբոջայի կառավարությունների կողմից ներդրումների շնորհիվ:
 

Նմանատիպ նյութեր