211652_close_icon
views-count1553 դիտում article-date 15:54 15-01-2021

Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան հայտարարություն է տարածել Ադրբեջանում գերության մեջ գտնվող կանանց վերաբերյալ

Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան հայտարարություն է տարածել Ադրբեջանում գերության մեջ գտնվող Մարալ Նաջարյանի և այլ գերիների վերաբերյալ: Հայտարարությունում ասվում է. «2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության (Լեռնային Ղարաբաղ) դեմ սանձազերծված լայնամասշտաբ պատերազմական գործողությունների հետեւանքով, ի թիվս այլնի, շարունակում է չլուծված մնալ Ադրբեջանում գերության մեջ գտնվող ՀՀ քաղաքացիներին ու նրանց իրավունքներին վերաբերող հարցերը։ 2020 թվականի նոյեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հայտարարված ամբողջական հրադադարի եւ բոլոր ռազմական գործողությունների ավարտի մասին եռակողմ հայտարարության 8-րդ կետով հստակ սահմանվում է, որ «Տեղի է ունենում ռազմագերիների, պատանդների եւ պահվող այլ անձանց ու մահացածների մարմինների փոխանակում»։ Չնայած նշվածի՝ Ադրբեջանում դեռեւս շարունակում են գերության մեջ մնալ ՀՀ քաղաքացիներ։ Ավելին, հրադադարի հայտարարության ստորագրումից հետո անգամ շարունակվում են գերեվարվել քաղաքացիական անձինք։ Նշված դեպքերից մեկով՝ նոյեմբերի 10-ին գերեվարվել է Մարալ Նաջարյանը, ով գտնվում է Բաքվի բանտում։ Ասվածը հաստատվել է նաեւ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից։ Իր հերթին, Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի տրամադրած տեղեկատվության համաձայն՝ Ադրբեջանում է գտնվում առնվազն 4 կին գերի։ Չնայած բոլոր գերիների վերադարձի կամ ազատ արձակման հրամայականին՝ բարձր մակարդակի բանակցություններում հանիրավի չի քննարկվում գերիների հարցը, եւ Փաշինյան-Պուտին-Ալիեւ ձեւաչափում մարդու իրավունքները շարունակվում են ստորադասվել ճանապարհային հանգույցների ապաշրջափակման խնդրին, ինչն ուղղակիորեն անընունելի է միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի պահպանման տեսանկյունից։ Հարկ է նկատել, որ միջազգային մարդասիրական իրավունքի նորմերով կարգավորվում են պատերազմի ժամանակ գործող պատերազմի իրավունքը (jus in bello)։ Սա միջազգային իրավունքի այն ճյուղն է, որը ձգտում է սահմանափակել զինված ընդհարման ազդեցությունը՝ պաշտպանելով նաեւ այն անձանց, ովքեր չեն մասնակցում ռազմական գործողություններին։ Այս առումով՝ կարեւոր է ընդգծել 1949 թվականի օգոստոսի 12-ին ընդունված երկու՝ «Ռազմագերիների հետ վարվելակերպի մասին» Ժնեւի երրորդ կոնվենցիայի (Ժնեւի երրորդ կոնվենցիա) եւ «Պատերազմի ժամանակ քաղաքացիական բնակչության պաշտպանության մասին» Ժնեւի չորրորդ կոնվենցիայի (Ժնեւի չորրորդ կոնվենցիա) կարգավորումները։ Նշված կոնվենցիաները ոչ միայն անդրադառնում են բոլոր հանգամանքներում եւ առանց որեւէ խտրականության անձանց նկատմամբ մարդասիրական վերաբերմունքի պահպանմանը, այլեւ հատուկ կարգավորումներ են պարունակում պատերազմական իրավիճակներում հայտնված կանանց իրավունքների պաշտպանության տեսանկյունից։ Ժնեւի երրորդ կոնվենցիայի 14-րդ հոդվածով ամրագրված է կանանց նկատմամբ հարգանքի եւ արժանապատիվ վերաբերմունքի սկզբունքը։ Ժնեւի չորրորդ կոնվենցիայի 27-րդ հոդվածով սահմանվում է, որ «Կանայք պետք է հատկապես պաշտպանված լինեն իրենց պատվի դեմ կատարվող ցանկացած ոտնձգությունից, մասնավորապես՝ բռնաբարությունից, բռնի մարմնավաճառությունից կամ անպարկեշտ հարձակման ցանկացած ձեւից»։ Միաժամանակ, Ժնեւի երրորդ կոնվենցիայի 25-րդ հոդվածով սահմանվում է, որ «Այն ճամբարներում, որտեղ տղամարդկանց կողքին գտնվում են ռազմագերի կանայք, նրանք պետք է ապահովված լինեն առանձին ննջասենյակներով»։ Նույն կոնվենցիայով նաեւ նախատեսվում է ռազմագերիների առողջության պահպանման, ինչպես նաեւ հիգիենիկ միջավայրի ապահովման կանոնները, իսկ բոլոր այն ճամբարներում, որտեղ պահվում են ռազմագերի կանայք, նրանց համար պետք է տրամադրվեն հիգիենիկ միջավայրի պահմանման համար առանձին հարմարություններ: Իր հերթին, 1974 թվականի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից ընդունված «Արտակարգ իրավիճակներում եւ զինված բախումներում կանանց եւ երեխաների պաշտպանության մասին» հատուկ հռչակագիրը եւս սահմանում է, որ պետք է ձեռնարկվեն բոլոր անհրաժեշտ քայլերը` ապահովելու այնպիսի միջոցառումների արգելումը, ինչպիսին են կանանց նկատմամբ հետապնդումները, խոշտանգումները, պատժիչ միջոցառումները, ստորացուցիչ վերաբերմունքն ու բռնությունը։ Հիմք ընդունելով Արցախի Հանրապետությում շարունակվող լայնամասշտաբ պատերազմական գործողությունների ընթացքում Ադրբեջանի կողմից դրսեւորված առանձնակի դաժանության դեպքերը, Ադրբեջանում պարբերաբար շարունակվող հայատյացության քաղաքականությունն ու ռազմագերիների նկատմամբ ծայրաստիճան դաժան վերաբերմունքը՝ անհրաժեշտ ենք համարում գործուն քայլեր ձեռնարկել բացառելու գերեվարված բոլոր անձանց նկատմամբ հնարավոր իրավունքների խախտման դեպքերը։ Ելնելով վերոգրյալից՝ պահանջում ենք. Մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող միջազգային կառույցներից՝ երաշխավորել իրենց մանդատի եւ միջազգային մարդասիրական իրավունքի շրջանակներում ամրագրված մարդու իրավունքների պաշտպանությունը՝ ապահովելով կին գերիների պահման պատշաճ պայմանները, այդ թվում՝ սեռական եւ ֆիզիկական բռնությունից զերծ լինելու իրավունքի պաշտպանությունը։ ՀՀ կառավարությունից՝ գործուն քայլեր իրականացնել՝ գերիների վերադարձի գործընթացի ուղղությամբ։

Նմանատիպ նյութեր