211652_close_icon
views-count44267 դիտում article-date 15:52 02-12-2021

Կառավարության հաշվեկշռում հաշվառված Toyota Land Cruiser-ը Տավուշի մարզում մերկասառույցի պատճառով հայտնվել է Աղստև գետի ափին. կա վիրավոր. նույն վայրում Mercedes-ն էլ հայտնվել է ջրահեռացման ջրատարում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ դեկտեմբերի 2-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով ավտովթարներ են տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը  11:30-ի  սահմաններում  Երևանի բնակիչ, 31-ամյա Հովհաննես Պողոսյանը իր վարած Toyota Land Cruiser  մակնիշի 006 LL 50 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 106-րդ կմ հատվածում ճանապարհի մերկասառույցի պատճառով կորցրել է ավտոմեքենայի կառավարումը  և հայտնվել ճանապարհի աջ մասով հոսող Աղստև գետի ափին:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 63 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, սահմանազատել տարածքը:

Օպերատիվ է գործել Դիլիջանի հիվանդանոցի բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վիրավորին մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին  բուժօգնությունն  են ցուցաբերել,  իսկ «Դիլիջան» բժշկական կենտրոնում անհրաժեշտ բժշկական օգնությունը ստանալուց հետո ռեանիմոբիլով տեղափոխվել է Երևանի հիվանդանոցներից մեկը:

Դիլիջանի բժիշկները տեղում օգնություն են ցուցաբերել ուղևոր, Երևանի բնակիչ, 22-ամյա Արմեն Անդրեասյանին, ով  այնուհետև հրաժարվել է հիվանդանոց մեկնելուց:

 Օպերատիվորեն ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության  2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի,  դասակի հրամանատար Կարեն Աբազյանի գլխավորությամբ:

Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Ռուբեն Աղասարյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ նույն վայրում ճանապարհի մերկասառույցի պատճառով վթարի է ենթարկվել 37-ամյա Դավիթ Մելքումյանը, ով Mercedes մակնիշի ավտոմեքենայով հայտնվել է ջրահեռացման ջրատարի մեջ:

Հրշեջ-փրկարարները նշված ավտոմեքենան դուրս է են բերել երթևեկելի գոտի, իսկ Toyota Land Cruiser  մակնիշի ավտոմեքենան երթևեկելի գոտի են դուրս բերել՝ օգտագործելով հատուկ տեխնիկա:

 2 վթարի պատճառը տեղի ճանշինի մեղավորությունն է, քանի որ մատը մատի չեն խփել ճանապարհի մերկասառույցը մաքրելու, աղ ու ավազով մշակելու ուղղությամբ:

Գ. Շամշյանի  տեղեկություններով՝ Toyota Land Cruiser  մակնիշի ավտոմեքենայի համարանիշները հաշվառված են  ՀՀ կառավարության հաշվեկշռում:

Լուսանկարաները և տեսանյութը՝ Կարեն Գրիգորյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

      
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 28+
28+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր