211652_close_icon
views-count53335 դիտում article-date 15:12 28-11-2021

Սյունիքի մարզում թալանել են Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի առողջարանային համալիրի տնօրենին. նրանից հափշտակել են 2 մլն դրամ և ոսկյա շղթա

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝  երեկ՝ նոյեմբերի 27-ին, ոստիկանության Կապանի բաժին է դիմել Երևանի բնակիչ, 60-ամյա  Սամվել Պարոնիկյանը, ով հայտնել է, որ  նոյեմբերի 13-ից մինչև նոյեմբերի 23-ն ընկած ժամանակահատվածում «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» փակ բաժնետիրական ընկերության առողջարանային համալիրում անհայտ անձը կամ անձինք իր պայուսակից գողացել են երկաթյա չհրկիզվող պահարանի բանալին:

 Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ահազանգով մեկնել է ոստիկանության Կապանի բաժնի օպերատիվ խումբը, որտեղ Ս. Պարոնիկյանը ոստիկաններին հայտնել է, որ չհրկիզվող պահարանը եղել է հյուրանոցային համալիրի 402 սենյակում, որտեղ էլ,  բացելով պահարանը, այնտեղից հափշտակել են խոշոր չափի գումար և ոսկյա շղթա:

 Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ս. Պարոնիկյանը ոստիկաններին հայտնել է, որ ինքը աշխատում է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»  ՓԲԸ-ի առողջարանային համալիրում՝ որպես տնօրեն, իսկ չհրկիզվող պահարանից էլ հափշտակել են մոտ 2մլն դրամ:

Փաստի առթիվ ոստիկանության Կապանի բաժնում  հարուցվել է քրեական գործ և այն փոխանցվել է Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 
 

Նմանատիպ նյութեր