211652_close_icon
views-count1821 դիտում article-date 23:29 25-11-2021

Հայաստանը և Ռուանդան իրենց առավելությունները կարող են վերածել հաջողության. նախագահ Սարգսյանին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Ռուանդայի նորանշանակ դեսպանը

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին այսօր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Ռուանդայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ֆրանկ Մուշիո Կամանզին (նստավայրը՝ Մոսկվա):

Նախագահ Սարգսյանը շնորհավորել և արդյունավետ աշխատանք է մաղթել նորանշանակ դեսպանին:

Դեսպանը վստահեցրել է, որ իր բոլոր ջանքերը կներդնի՝ զարգացնելու երկու երկրների հարաբերությունները: Նա Հայաստանի նախագահին է փոխանցել Ռուանդայի նախագահ Փոլ Կագամեի ջերմ ողջույնն ու բարեմաղթանքը:

Նախագահ Սարգսյանը նշել է, որ Հայաստանը և Ռուանդան ունեն բազմաթիվ ընդհանրություններ, նույնանման պատմություն, երկուսն էլ ծանր փորձությունների միջով են անցել, միաժամանակ, ունեն բազմաթիվ առավելություններ, որոնք կարող են վերածել հաջողության:

Անդրադառնալով համագործակցության հնարավոր ուղղություններին՝ նախագահ Սարգսյանն ասել է, որ երկու երկրներն ունեն համընկնող հետաքրքրություններ, էլեկտրոնային կառավարման և նորագույն տեխնոլոգիաների ոլորտներում Ռուանդայի ձեռքբերումները տպավորիչ են, և փոխգործակցությունն այդ ոլորտներում խոստումնալից կարող է լինել: Նշելով, որ Հայաստանի ապագան կապում է հատկապես ժամանակակից տեխնոլոգիաների, գիտության և կրթության զարգացման հետ՝ Հայաստանի նախագահը կարևորել է համատեղ նորարարական և հետազոտական ծրագրերի իրականացումը, ինչպես նաև համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների և նորարարությունների ոլորտներում:

Նախագահը նշել է, որ Հայաստանը և Ռուանդան անդամակցում են Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությանը, որն իր հզոր ներուժով, փոխգործակցության կարևոր հարթակ է և համատեղ աշխատելու մեծ հնարավորություններ է ստեղծում:

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր