211652_close_icon
views-count1460 դիտում article-date 14:18 16-11-2021

Բազմաթիվ չարաշահումներ Պտղնիում. 4 քրեական գործերից համայնքի ղեկավարի վերաբերյալ մեկ գործ ուղարկվել է դատարան

2018-ից 2021թթ. ընկած ժամանակահատվածում Կոտայքի մարզպետարանի կողմից ՏԻՄ լիազորությունների իրականացման նկատմամբ կատարված իրավական և մասնագիտական հսկողության, հետագայում դրանց արդյունքների կապակցությամբ մարզի դատախազության հանձնարարությամբ Ոստիկանությունում նյութերի նախապատրաստմամբ ձեռք են բերվել փաստական տվյալներ մարզի Պտղնիի համայնքապետարանում պաշտոնատար անձանց կողմից նախորդ տարիներին  տևականորեն բազմաթիվ առերևույթ կոռուպցիոն չարաշահումների վերաբերյալ: Դրանց վերաբերյալ ՀՀ ՔԿ Աբովյանի քննչական բաժնում քննվել և քննվում է ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով, 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով, 314-րդ հոդվածի 1-ին մասով, ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով, նույն հոդվածի 2-րդ մասով հարուցված 4 քրեական գործ:

Մասնավորապես,  քրեական գործերից մեկով տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ Պտղնի համայնքի վարչական տարածքում գտնվող «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ ենթակայությամբ գործող «Տրանսգազ» ՍՊԸ Աբովյանի «Գազի ստորգետնյա պահպանման կայանի» անվտանգության գոտիներում` Պտղնի համայնքի վարչական տարածքում գտնվող որոշ հողամասերում ՀՀ կառավարության 26.05.1998թ. համապատասխան որոշումներով արգելվել է քաղաքաշինական նպատակներով հողօգտագործումը, ինչպես նաև ճարտարապետահատակագծային առաջադրանքների և շինթույլտվության տրամադրումը:

Մինչդեռ Պտղնի համայնքի ղեկավար Ա. Վ.-ն, խախտելով ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի պահանջները, իր պաշտոնավարման ընթացքում այդ հողատարածքների նկատմամբ սահմանափակումների բացակայության վերաբերյալ գրավոր տեղեկանքներ է տրամադրել թվով 15 քաղաքացիների, ովքեր դրանց հիման վրա ստորգետնյա գազի հորի, դրանց կապող բարձր ճնշման գազուղիների անվտանգության գոտիներում կառուցվել են շինություններ, կառուցված ինքնակամ շինություններն ու տարածքները սեփականաշնորհել են:

Այլ ուսումնասիրության առթիվ հարուցված քրեական գործով պարզվել է, որ համայնքի վարչական տարածքում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 1,443 հա մակերեսով հողամասը համայնքի ղեկավարի կողմից օտարվել է աճուրդ-վաճառքի միջոցով՝ չնայած վերջինս հանդիսացել է ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված դրույթների ուժով քաղաքացիներին և իրավաբանական անձանց սեփականության իրավունքով չփոխանցվող հողատարածք:

     Ընդ որում՝ գործող համայնքապետի պաշտոնավարման ընթացքում՝ 2012թ. փետրվարին, համայնքի ավագանու որոշմամբ ջրային այդ հողամասի նպատկային նշանակությունը, օրենքով սահմանված ընթացակարգի շրջանցմամբ, փոփոխվել է՝ դարձվելով հասարարական կառուցապատման հողամաս:   

Մեկ այլ գործով, 2013-2016թթ. աճուրդ-վաճառքով օտարվել է տարբեր չափերի գյուղատնտեսական կամ բնակավայրերի նշանակության թվով 10 հողամաս,  որոնց մի մասի չափերը չեն համապատասխանել ՀՀ կառավարության  2001թ. ապրիլի 12-ի թիվ 286 որոշմամբ հաստատված կարգի պահանջներին: Առանձին դեպքերում աճուրդի  փաթեթից բացակայել է ճարտարապետահատակագծային առաջադրանքը, աճուրդների կազմակերպման համար տրված հայտարարության մեջ չի նշվել օրենսդրությամբ սահմանված՝ աճուրդի անցկացման ձևի և այլ  լրացուցիչ պայմանների մասին տեղեկատվություն: Հողատարածքների մի մասը աճուրդներով օտարվել է համայնքի ղեկավարի որդիներին:

Պարզվել է, որ աճուրդ-վաճառքի հայտերի գրանցման մատյանում առանձին անձանց անվան դիմաց կատարված ստորագրությունները կեղծվել են: Համայնքի ղեկավարի որդիների հետ աճուրդ-վաճառքին մասնակցելու հայտ ներկայացրած մասնակիցների վերաբերյալ կատարված ստուգմամբ պարզվել է, որ հայտ ներկայացնելու օրը նրանցից ոմանք բացակայել են ՀՀ-ից: Աճուրդներն անցկացվել են համայնքի ղեկավարի տեղակալի կողմից:

Մեկ այլ քրեական գործի շրջանակներում կատարված քննությամբ հիմնավորվել է, որ Պտղնի համայնքի ղեկավար Ա. Վ.-ն, դեռևս 2015թ. հոկտեմբերին համայնքի միջոցներով ծառայողական նպատակով ձեռք բերված և իրեն վստահված թանկարժեք բջջային հեռախոսը որոշ ժամանակ անց տվել է որդուն՝ այդ կերպ վատնման եղանակով հափշտակելով իրեն վստահված համայնքի զգալի չափի գույքը: Ապա հափշտակության հանգամանքը քողարկելու նպատակով դրանից շուրջ մեկ ամիս անց, խախտելով օրենսդրության պահանջները, հաստատելով համայնքապետարանի հիմնական միջոցների խոտանման կեղծ ակտ, որպես հետագա օգտագործման համար ոչ պիտանի, վերանորոգման ոչ ենթակա գույք, ի թիվս այլոց, նշված հեռախոսը դուրս է գրել համայնքապետարանի հիմնական միջոցների հաշվեկշռից՝ այդ կերպ կատարելով պաշտոնեական կեղծիք:

Այս քրեական գործով համայնքի ղեկավար Ա. Վ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 314-րդ հոդվածի 1-ին մասով: Առաջադրված մեղադրանքում վերջինս իրեն մեղավոր է ճանաչել,  դատախազության կողմից նրա մասով քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է  դատարան, որով դատական քննությունը նախնական փուլում է:

Վերոնշյալ մյուս քրեական գործերով նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում հանցավոր չարաշահումները լիարժեք բացահայտելու, այն կատարած անձանց գործողություններն իրավական գնահատականների արժանացնելու, համայնքին պատճառված վնասների չափերն ամբողջականացնելու և վերականգնելու ուղղությամբ:
 
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր