211652_close_icon
views-count26491 դիտում article-date 18:59 15-11-2021

Սուրեն Պապիկյանն այս իշխանության միակ ադեկվատ մարդն է. Մովսես Հակոբյան. NEWS.am

Այս կառավարության անդամներից լավագույնն է Սուրեն Պապիկյանը, իմ դիտարկմամբ՝ այս կառավարության մեջ միակ ադեկվատ մարդն է, որն ինչ-որ գործ է անում: Այդ մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԶՈՒ ԳՇ նախկին պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը։

Հարցին, թե արդյոք Հայաստանը պե՞տք է դիմի ՀԱՊԿ-ին վարչապետի հայտարարության առնչությամբ, որ Ադրբեջանի ԶՈԻ–ն ներխուժել է ՀՀ տարածք, Հակոբյանը նշեց. «Այդպիսի հարցերին ես չեմ կարող պատասխանել»:

Հակոբյանը նաև որևէ հակասություն չի տեսնում ՊՆ-ի երեկվա և ԱԽ-ի այսօրվա հայտարարությունների միջև. «Երեկվա և այսօրվա հայտարարություններում տարբերություն չկա: Գրել են, որ տեխնիկան չի ներխուժել, բայց չեն գրել, որ ստորաբաժանումները չեն ներխուժել: Ես այդտեղից հետևություն կատարել եմ, որ ստորաբաժանումները արդեն Հայաստանի Հանրապետության տարածքում են, այսօրվա հայտարարությամբ էլ ասվում է՝ տեխնիկայի աջակցությամբ: Մեկը մյուսին չի հակասում. փաստն այն է, որ ադրբեջանցիները մեր տարածքում են»:

Ինչ պետք է անի ՊՆ-ն ստեղծված վիճակում, երբ ադրբեջանական ԶՈՒ-ն ներխուժել է ՀՀ տարածք. «Կարգը սահմանում է կոտորել, որին ունակ չեն: Եթե դիմադրություն չլինի, իհարկե ներխուժելու են: Դա բնորոշում է այսօրվա ռազմաքաղաքական ղեկավարության կադրային քաղաքականությունը: Երկրի պաշտպանությունը Պաշտպանության նախարարը չի իրականացնում, այլ ՀՀ քաղաքացիները: Ամեն մեկն իր մասով, եթե լավ աշխատի, կդիմադրեն, եթե ոչ՝ ոչ: Գերագույն հրամանատարը նույնպես ՀՀ քաղաքացի է, և նրա պարտականություններն ամենից շատ են»,– ասաց Մովսես Հակոբյանը։

Հավելենք, որ նախօրեին պաշտպանության նախարարությունն իր տարածած հայտարարություն գրել էր. «Սոցիալական ցանցերում տարածվող տեղեկությունները, թե սահմանային այդ հատվածում հայկական տարածք ադրբեջանական ԶՈՒ զրահատեխնիկա է մտել, չեն համապատասխանում իրականությանը»։

Մինչդեռ այսօր Անվտանգության խորհրդի տարածած հայտարարությունում ասվում է. «Նոյեմբերի 14-ին ժամը 13.00-ի սահմաններում հայ-ադրբեջանական սահմանագծի արեւելյան տեղամասերից մեկում Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները զրահատեխնիկայի աջակցությամբ ներխուժել են Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք»:

Նմանատիպ նյութեր