«Լոկոմոտիվ» ՖԱ-ի և թվով 14 անդամների նկատմամբ ՀՖՖ-ի կողմից կիրառված բոլոր պատժամիջոցներն ամբողջությամբ վերացվել են։
«Լոկոմոտիվ» ֆուտբոլային ակումբը ֆեյսբուքյան իր էջում հայտարարություն է տարածել՝ տեղեկացնելով, որ Սպորտային Արբիտրաժային դատարանի վճռով «Լոկոմոտիվ» ՖԱ-ի և թվով 14 անդամների նկատմամբ ՀՖՖ-ի կողմից կիրառված բոլոր պատժամիջոցներն ամբողջությամբ վերացվել են։
Հայտարարության մեջ նշված է.
«Ջայլամի քաղաքականությունը հայկական ֆուտբոլում
Հարգելի՛ ֆուտբոլային հանրություն,
Ստորև ներկայացնում ենք ՀՖՖ 03.11.2021թ-ի գրույթունը այն մասին, որ Սպորտային Արբիտրաժային Դատարանի 29.07.2021թ.-ի վճռով «Լոկոմոտիվ» ՖԱ-ի և թվով 14 անդամների նկատմամբ ՀՖՖ կողմից կիրառված բոլոր պատժամիջոցները ամբողջությամբ վերացվել են և հետևաբար նրանք կարող են շարունակել իրենց ֆուտբոլային գործունեույթունը:
Բոլորն են հիշում, թե ինչպիսի շուքով և աղմուկով ՀՖՖ ներկայիս ղեկավարությունը, ներկայանալով որպես հայկական ֆուտբոլի փրկիչներ, 2020 թ-ի ամռանը ի լուր աշխարհի մեր ակումբի պաշտոնյաներին և ֆուտբոլիստներին մեղադրեց պայմանավորված խաղերում նարգրավված լինելու մեջ, որը, ոչ միայն ֆուտբոլում, այլև առհասարակ ցանկացած այլ սպորտաձևում ամենասարսափելի և վարկաբեկիչ մեղադրանքն է, որը կարող է լինել:
Տվյալ դեպքում, չնայած այն հանգամանքին, որ Սպորտային Արբիտրաժային Դատարանի կողմից վճիռը կողմերին ծանուցելու պահից անցել է ավելի քան երեք ամիս, աջ ու ձախ ժողովրդավարություն և թափանցիկություն քարոզող ՀՖՖ ղեկավարությունը, այս հարցում քար լուռ է: Որևէ խոսք կամ պարզաբանում ՀՖՖ-ն մինչ օրս պաշտոնապես չի ներկայացրել:
Ավելին, ՀՖՖ-ն մինչ օրս որևէ գործողություն, որն ուղղված կլինի մեր ակումբի խախտված իրավունքները վերականգնելուն, այդ թվում ՀՖՖ-ին մեր անդամության ապօրինի կասեցումը վերացնելուն, նույնպես չի նախաձեռնել:
ՀՖՖ ղեկավարությունը լուռ է ամոթի զգացումից դրդված, թե այլ դրդապատճառնեով, այս պահին չենք կարող ասել, սակայն, կեղծ մեղադրանքներով պատժի ենթարկված անձանցից, ինչպես նաև՝ ֆուտբոլային հանրությունից, նման բիրտ ձևով առաջնությունը հարամելու համար, ներում հայցելու և այնուհետև հրաժարական ներկայացնելու փոխարեն, նրանք գերադասել են ջայլամի քաղաքականություն որդեգրել, երբ իրականության հետ առերեսվելիս, որոշում ես գլուխդ խրել ավազի մեջ: Թե որքա՞ն կձգեն նման դիրքով, ցույց կտա ժամանակը, բայց պետք չէ մոռանալ , որ նման դիրքավորումը որոշ ժամանակ անց երաշխավորում է նվազագույնը թթվածնային քաղցի առաջացում, դրանից բխող բոլոր հետևանքներով հանդերձ:
Հարգանքներով,
«Լոկոմոտիվ» ՖԱ»։