211652_close_icon
views-count1023 դիտում article-date 10:37 10-11-2021

Պոպուլիզմը և հակապետական քարոզչությունը․ «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Քաղաքական գործիչները միշտ կանգնած են երկընտրանքի առջեւ՝ ասել այն, ինչ այս պահին դիվիդենդներ կբերի, բայց կվնասի պետության երկարաժամկետ շահերին, թե՝ այն, ինչ կարող է ներքին լսարանում դժգոհություն առաջացնել, սակայն հետագայում պետք կգա կարեւոր պետական շահերի լուծման տեսանկյունից:

Իհարկե, ինչպես շատ այլ դեպքերում, այստեղ էլ պետք է պահպանել չափի զգացողությունը, որովհետեւ եթե քո հասարակությունը քեզ բացարձակապես չի հասկանում, ապա դու չես կարողանա իրագործել այն ծրագրերը, որոնք պետության համար կարեւոր ես համարում: Այդ առումով, իհարկե, «հակապոպուլիզմի ծայրահեղական» էր Լեւոն Տեր-Պետրոսյանը, որը նախագահի պաշտոնը զբաղեցնելու ընթացքում հազվադեպ էր շփման մեջ մտնում հասարակության հետ եւ վճռական պահին՝ 1997 թվականի աշնանը, չկարողացավ համոզել քաղաքացիներին՝ իր ընտրած ուղու ճշմարտացիության մեջ: Արդյունքում այն հազվագյուտ ժամանակաշրջանը մեր ժողովրդի պատմության մեջ, երբ մենք կարողացանք ոչ թե հանձնել, այլ ազատագրել որոշակի տարածքներ, նրա ընդդիմախոսների ջանքերով հաջողությամբ բնութագրվեց որպես «ցրտի-մթի» տարիներ:

Բայց պոպուլիզմի չեմպիոնն, իհարկե, Նիկոլ Փաշինյանն է, որը խոսում է բացառապես իր ընտրազանգվածի զգացմունքների վրա խաղալու համար, ինչն ավելի վտանգավոր է, քան վերը նկարագրված «հակապոպուլիզմը»: Օրինակ, իրեն համակրող հազարավոր քաղաքացիներին հանգստացնելու համար նա փաստացի ընդունում է, որ Գորիս-Կապան ավտոմայրուղու 21 կիլոմետրանոց հատվածը պատկանում է Ադրբեջանին: Ասածի իմաստը հետեւյալն է՝ «ամեն ինչ OK է, ամեն ինչ նորմալ է, Ադրբեջանն իրավունք ունի այդ ճանապարհին անել ինչ ուզում է, այդ թվում՝ կանգնեցնել մեր կամ իրանական մեքենաները»: Բայց բանակցային դիրքի տեսանկյունից դա կոպիտ սխալ է, որը թույլ է տալիս հակառակ կողմին դա օգտագործել: Իրավունքը պետք է պահել եւ հետո օգտագործել դիվանագիտության ու մարտի դաշտում, ոչ թե սեփական ժողովրդի առաջ արդարանալու համար հանձնել՝ ոչինչ չստանալով:

Բայց մեր պետության հետագա տասնամյակների համար, թերեւս, ավելի կարեւոր են իշխանության պնդումները Հայոց բանակի մասին, որոնք, բնականաբար, դարձյալ արվում են պարտության մեղքը զինված ուժերի գլխավոր հրամանատարի վրայից զինվորականների վրա գցելու համար: Այնինչ ես համոզված եմ, որ 30 տարվա ընթացքում մեզ հաջողվել է ստեղծել մարտունակ բանակ՝ իհարկե, թերություններով, կամայականություններով, կոռուպցիոն դրսեւորումներով: Հիմա էլ է այդ բանակը մարտունակ, եւ մեր խնդիրների մեծ մասը քաղաքական, ոչ թե ռազմական ոլորտում է: Սեփական ընտրազանգվածի զգացմունքները շոյելու համար փաստացի ասել, որ մենք ոչ մի բանակ էլ չենք ունեցել, որ դա գողերի եւ ավազակների ինչ-որ հավաքածու էր, նշանակում է՝ քար գցել ոչ թե անցյալի, այլ ապագայի ուղղությամբ: Բանակի բոլոր սպաները թալանչիներ են, բոլոր գիտնականները ձրիակերներ են, մշակույթի բոլոր գործիչները «նախկինների սպասավորներ» են, բոլոր դասախոսները կաշառակերներ են, դպրոցի բոլոր ուսուցիչներն անգրագետ են՝ ահա ներկայիս իշխանության քարոզչության առանցքը: Այդ քարոզչությունն, իմ կարծիքով, հակապետական է»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր