211652_close_icon

Փրկարարները միայնակ ողջ գիշեր պայքարել են Նուբարաշենի աղբավայրում բռնկված կրակի դեմ. կրակն ու ծուխը տեսանելի էին քաղաքի, անգամ Արարատի և Արմավիրի մարզերի տարբեր հատվածներից. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

views-count3712 դիտում article-date 10:18 09-08-2025
Այսօր՝ օգոստոսի 9-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում հայտնի Նուբարաշեն աղբավայրում։ 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատների մի քանի մարտական հաշվարկների հրշեջներ մի քանի ժամ շարունակ, վտանգելով իրենց կյանքը, պայքարել են Նուբարաշենի աղբավայրում առաջացած կրակի դեմ։

Հրշեջների աշխատանքը տեղում ղեկավարել է Երևանի փրկարարական վարչության պետի պաշտոնակատար Զավեն Մելքոնյանը։

Կարելի է ասել՝ հրշեջները միայնակ էին պայքարում մայրաքաղաքի տարբեր հատվածներից, անգամ Արմավիրի և Արարատի մարզերից երևացող կրակի դեմ։

Ծուխն ու կրակն իրենց սև գործն էին անում։

Աշխատանքները դժվարանում էին միայն, երբ հրշեջ-մեքենաները գնում էին ջրով ավտոմեքենան լիցքավորելու, մինչդեռ Երևանի քաղաքապետարանը իր տրամադրության տակ ունի մի քանի տոննա ջուր տեղափոխող ջրատար ավտոմեքենաներ, սակայն Երևանի քաղաքապետարանից ոչ միայն չբարեհաճեցին օգնության ձեռք մեկնել հրշեջներին, անգամ ջրատարները չուղարկեցին, ինչը պետք է մտահոգի առաջին հերթին Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին և հետաքրքիր է, որ ժամեր շարունակ քաղաքը թունավոր գազերով «գրաված» ծուխը չի անհանգստացրել նաև Նուբարաշեն վարչական շրջանի ղեկավարին, ում երևի «Նոնա մորաքրոջ» հեքիաթը կանչել էր։

Կարևոր մտահոգիչ է նաև այն, որ աղբավայրում խոշոր եղջերավոր անասուններ կային, ինչը պետք է անհանգստացնի ՍԱՏՄ աշխատակիցներին։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ՀՀ ՆԳ նախարարի տեղակալ, Փրկարար ծառայության տնօրեն, գեներալ-մայոր Կամո Ցուցուլյանի հանձնարարականով հրդեհի վայր էին ժամանել ՓԾ տնօրենի տեղակալներ Տիգրան Պետրոսյանն ու Արսեն Մկրտչյանը։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 117+
117+

Նմանատիպ նյութեր