211652_close_icon

Ողբերգական դեպք՝ Սպիտակում. «Mercedes»-ը վրաերթի է ենթարկել երթևեկելի գոտուց դուրս ընդմիջում անող 2 քաղաքացու և կողաշրջված հայտնվել դաշտում. 1-ը հիվանդանոցում մահացել է, մյուսին սանավիացիայով տեղափոխում են Երևան. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

views-count5188 դիտում article-date 13:48 09-08-2025
Այսօր՝ օգոստոսի 9-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 10:30-ի սահմաններում «Mercedes» մակնիշի ավտոմեքենան Սպիտակ - Երևան ավտոճանապարհի 8-րդ կմ հատվածում վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի, ապա մի քանի պտույտ շրջվելով՝ էլ կողաշրջված հայտնվել դաշտում։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածները ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են «Սպիտակ» բժշկական կենտրոն։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Սպիտակի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Փրկարարները վիրավորներից մեկին պատգարակով մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, ապա հոսանքազրկել են ավտոմեքենան, տեղում իրականացրել հերթապահություն։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արման Սուքիասյանի, վաշտի հրամանատարի տեղակալ Հրաչիկ Մխիթարյանի, դասակի հրամանատարի տեղակալ Էդգար Պողոսյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Արտյոմ Զարգարյանն ու Աղվան Ասլամազյանը։

Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Սպիտակի բաժնի հերթապահ խումբը՝ համայնքային ոստիկանի գլխավորությամբ։

Վրաերթի մասին ՊԾ Լոռու մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Սպիտակի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, և մինչ դեպքի վայր կժամաներ քննիչը, «Սպիտակ» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվում ոստիկանության Սպիտակի բաժին, որ վիրավորներից մեկը գիտակցության չգալով մահացել է, իսկ մյուս՝ ծայրահեղ ծանր վիճակում գտնվող վիրավորին Երևանի համապատասխան հիվանդանոց տեղափոխելու համար ժամանել է սանավիացիան։

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է ոստիկանության Սպիտակի բաժնի պահպանվող հատուկ տարածք և պարզվում է վարորդի, մահացածի և վիրավորի ինքնությունը։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վրաերթի ենթարկվածները ազգականներ են և երթևեկելի գոտուց դուրս ծառի տակ ընդմիջում անելիս են եղել, երբ Mercedes-ը վրաերթի է ենթարկել։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր