211652_close_icon
views-count53235 դիտում article-date 19:49 09-11-2021

Ձեզ բացակա չենք դնի. Գեղարքունիքի մարզի Ծաղկաշեն գյուղում բացվեց 44-օրյա պատերազմում նահատակված, լեգենդ դարձած Գոռ Ներսիսյանին ու Վասակ Գասպարյանին նվիրված խաչքար-հուշարձան. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ նոյեմբերի 9-ին, Գեղարքունիքի մարզի Ծաղկաշեն գյուղում՝ եկեղեցու հարևանությամբ, տեղի ունեցավ խաչքար-հուշարձանի բացման և օրհնության արարողություն։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այն նվիրված էր արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված, լեգենդ դարձած ծաղկաշենցիներ Գոռ Ներսիյանին և Վասակ Գասպարյանին։

Մինչ Հայ առաքելական եկեղեցու Գեղարքունիքի մարզի առաջնորդական տեղապահ, Տեր Պարթև Վարդապետ Բարսեղյանի աջակցությամբ Գեղարքունյաց թեմի հոգևոր դասի կողմից խաչքարի օծումը, սպիտակ սավանը իջեցրեցին նահատակված հերոսների ծնողները։

Միջոցառմանը ներկա էին ոչ միայն ծաղկաշենիցներ, այլև Հայաստանի տարբեր մարզերից ու Երևանից ժամանած հյուրեր, զոհվածների հարազատները, ընկերները, այդ թվում՝ զինակից, արցախյան 3 պատերազմներին մասնակցած հերոսներ, դպրոցի ոսուցչական կոլեկտիվն ու աշակերտները։

Ելույթով հանդես եկավ Գեղարքունիքի մազպետի տեղակալ Ռուբիկ Նաղոյանը, իսկ Ծաղկաշենի համայնքապետարանի կողմից շնորհակալագրեր հանձնվեցին արցախյան 44-օրյա պատերազմին մասնակցած ծաղկաշենցիներին։

Խաչքաչ-հուշարձանի պատրաստման և տեղադրման գաղափարը համայնքի ղեկավարի պաշտոնակատար Սևակ Կարապետյանինն է, ում նախաձեռնությամբ ու անձնական միջոցներով էլ քանդակագործ Ստյոպա Գետչյանի շնորհիվ կյանքի կոչվեց այդ վեհ գաղափարը, ու հիմա ծաղկաշենցիները Սուրբ Աստվածածին եկեղեցու բակում տեղադրված խաչքարի վայրը համարում են սրբության սրբոց, մի նոր եռաբլուր, և ամեն անգամ այցելելով եկեղեցի՝ խնկարկելու և ծաղիկներ են խոնարհելու։ Այսօր էլ նույնպես ծաղիկներ խոնարհեցին խաչքար-հուշարձանին։ 

Վասակ Ատոմի Գասպարյան

Ծնվել է 2000 թվականի սեպտեմբերի 9-ին, Գեղարքունիքի մարզի Ծաղկաշեն համայնքում։

Ավարտել է տեղի 9-ամյա միջնակարգ դպրոցը։

2019 թվականի հունվարի 11-ին զորակոչվել է հայոց բանակ` ծառայության անցնելով հատուկ նշանակության 1-ին խմբում, որպես հետախույզ։

Մասնակցել է արցախյան 44-օրյա պատերազմին` Ջրականում, Հադրութում, Քարվաճառում և Սանասարում։

Սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 3-ը մասնակցել է Քարվաճառի պաշտպանական մարտերին։

Անվերապահորեն կատարել է վերադաս հրամանատարության բոլոր հրամանները։ Ցուցաբերելով բացառիկ խիզախություն՝ դուրս է եկել շրջափակումից և մարտի պայմաններում թշնամուն պատճառել զգալի կորուստներ, առգրավվել կարևոր փաստաթղթեր, զենքեր, ինչպես նաև կապի միջոցներ։

Հոկտեմբերի 16-20-ը մասնակցել է Իշխանաձորի, Սանասարի, Ուռեկանի և Տիգրանավանի պաշտպանական մարտերին։

Մնացել է զինվորի երդմանն հավատարիմ. վիրավորում ստանալով՝ չի լքել մարտի դաշտն ու անմահացել է հրամանատարին մարտի դաշտից դուրս բերելիս։  


Գոռ Մելսիկի Ներսիսյան

Ծնվել է 2000թ․ դեկտեմբերի 14-ին Գեղարքունիքի մարզի Ծաղկաշեն համայնքում։

2019թ․ ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը բարձր առաջադիմությամբ և հուլիսի 2-ին մեկնել է ծառայության Արցախի Մարտունի 2 զորամաս։

Հոկտեմբերի 6-ին տեղափոխել են Ջաբրաիլ որտեղ էլ հոկտեմբերի 7-ին բեկորային վնասվածք ստանալով զոհվել է։

5 ամիս որոնումից հետո մարտի 10-ին ԴՆԹ-ով գտան Գոռի աճյունը։


Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 567+
567+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր