211652_close_icon
views-count1666 դիտում article-date 17:52 08-11-2021

Ես սկզբունքորեն չեմ դիմել, ԱԱԾ–ն պարտավոր էր տրամադրել քննիչ հանձնաժողովում մուտքի թույլտվություն. Արթուր Ղազինյան. NEWS.am

ԱԺ Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի ընդդիմադիր անդամներից, միայն «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանն է, որ մինչ օրս չի դիմել ԱԱԾ եւ 44–օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի գաղտնի նյութերին տիրապետելու թույլատրություն ստացել։

«Ես սկզբունքորեն չեմ դիմել, որովհետեւ մենք օժտված լինելով առաջնային մանդատով, ԱԱԾ–ն պարտավոր էր մեզ տրամադրել այդ հանձնաժողովում մուտքի թույլտվություն։ Մենք որպես պատգամավոր, չպետք է դիմենք, որպեսզի թույլատրություն ստանանք, հակառակը, իրենք պիտի գան, եւ մեզ տան երկու փաստաթուղթ, մեկն այն մասին, որ մենք հանձնաժողով մուտք ենք ստանում, եւ երկրորդը՝ պարտավորվում ենք դա չհրապարակել։ Եթե իրենց համար այդքան սկզբունքային է, ու իրենք հանձնաժողովը չստեղծելու պատճառը դա են բերում, ապա որ պահին կորոշվի այն ստեղծել, ես հաջորդ րոպեին կդիմեմ, որպեսզի թույլատրություն ստանամ»,–NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր  Արթուր Ղազինյանը։


Նշենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախօրեին «Հանրային» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է, որ մինչեւ հիմա 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով չի ստեղծվել երկու պատճառով, որոնցից մեկի համաձայն՝ «ընդդիմադիր պատգամավորներից ոչ բոլորն են դիմել եւ ստացել հույժ գաղտնի նյութերի թույլատրություն»: Մյուս պատճառն ըստ Փաշինյանի այն է, որ «արտախորհրդարանական ուժերը, ինչպես նաեւ  զոհվածների եւ անհետ կորածների հարազատների ներկայացուցիչները պիտի ներգրավեն այդ հանձնաժողովում, իսկ գործող օրենքով, այդպիսի պրոցեդուրա գոյություն չունի եւ հիմա դիտարկվում են տարբերակներ, թե ինչպես նրանց ներգրավվել»։

Արթուր Ղազինյանի խոսքով՝ մինչեւ հիմա 44–օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով չստեղծելու պատճառն այլ է։

«Իրենք այս պահին չեն վերահսկում այդ հանձնաժողովը, հետեւաբար փորձում են համալրել այն՝ արտախորհրդարանական երեք ուժերի, զոհված եւ անհետ կորած զինծառայողների հարազատների միջոցով, որպեսզի հանձնաժողովի ներսում կարողանան փոխել հավասարակշռությունը, սա է իրենց նպատակը։ Իրենք շատ լավ հասկանում են, որ այսօրվա ընդդիմադիր մեկ քառորդով հնարավոր չի լինելու լուծել գերակա հարցը՝ կոծկել եւ փակել պատերազմի խայտառակ դավաճանական էջը, ինչը մենք թույլ չենք տալու»,– ասաց Արթուր Ղազինյանը։

 «Հայաստան» խմբակցությունից Գեղամ Մանուկյանը, Գեղամ Նազարյանը, եւ «Պատվ ունեմից» Տիգրան Աբրահամյանը, որոնք Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամներ են, հույժ գաղտնի նյութերին տիրապետելու թույլատրություն ունեն։

Գեղամ Նազարյանի խոսքով՝  Նիկոլ Փաշինյանի պատճառաբանությունը արդարանալու համար էր. «Եթե դա է խնդիրը, թող ավելի վաղ դրա մասին հայտարարեին։ Նիկոլը ինչո՞ւ է միջամտում ԱԺ Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի աշխատանքներին։ Անդրանիկ Քոչարյանն ասում է, որ ընթանում են հանձնաժողովի ձեւավորման աշխատանքներ։ Լրագրողներին կոչ եմ անում հարցնել, թե որտեղ են ընթանում, եթե այդ աշխատանքները պետք է  ընթանան հանձնաժողովում։ Եթե մենք՝ հանձնաժողովի ընդդիմադիր չորս անդամներս ոչնչից տեղյակ չենք, էդ ո՞ր մութ անկյունում են որոշում՝ ինչ անել, ինչ՝ չէ»։

«Հայաստան» խմբակցությունից Գեղամ Մանուկյանը նույնպես համոզված է, որ 44–օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով չստեղծելու պատճառն այլ է։

«Նիկոլ Փաշինյանի պատճառաբանությունը խիստ արհեստական է, մատից ծծած, որովհետեւ տվյալ դեպքում գաղտնիության թույլատրության լինել–չլինելու հարց չկար։ Հատկապես, իբրեւ Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, ԱԺ ձեւավորվելուց հետո, դիմել էինք թույլատրության համար, եւ ԱԱԾ–ն նախ կարգը խախտելով, Հայաստանում կառավարման համակարգի տրամաբանությանը հակառակ, երկարատեւ ձգձգումներից հետո միայն, այդ թույլատրութունը որոշ պատգամավորների տվեց։ Եղել են դեպքեր, երբ մերժել են, օրինակ, Սեյրան Օհանյանի դեպքում։ Հարցն անկյունաքարային է, ԱԺ պատգամավորը օժտված է առաջնային մանդատով եւ այն պատգամավորին թույլատրում է նման տեղեկատվությանը տիրապետելը, եւ ոչ թե ԱԺ պատգամավորը պետք է սպասի ԱԱԾ թույլատրությանը»,– ընդգծեց Գեղամ Մանուկյանը։

Նմանատիպ նյութեր