Ինչպես հաջողությամբ արտահանել դեպի Չինաստան. քննարկվեցին հնարավորությունները
Երևանում մի հարկի տակ էին հավաքվել տեղեկատվական տեխնոլոգիաների, տուրիզմի ոլորտի և հայկական այլ ընկերությունների ներկայացուցիչներ՝ քննարկելու, թե ինչպես հաջողությամբ արտահանում իրականացնել դեպի Չինաստան, նաև՝ Հայաստանի և Չինաստանի բիզնեսի համագործակցության հեռանկարները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Ինչպես հաջողությամբ արտահանել դեպի Չինաստան» թեմայով կլոր սեղան-քննարկումը, որը կազմակերպել էր Դիջիթըլ Փոմըգրանեթ» ընկերությունը «Դիստրիկտ» կայուն զարգացման և ձեռնարկատիրության հիմնադրամի հետ համատեղ, անցկացվեց նոյեմբերի 6-ին:
Տեսանյութով ողջույնի խոսքով հանդես եկավ նաև Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպան Ֆան Յունը՝ խոսելով երկու երկրների առևտրատնտեսական հարաբերություններից:
Քաղաքական եւ տնտեսական ռազմավարական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Բենիամին Պողոսյանը նկատեց, որ չինական ներդրումների համար Հայաստանում առկա է բարենպաստ միջավայր: Հայաստանը ԵԱՏՄ անդամ երկիր է, ինչը նշանակում է, որ ցանկացած ապրանք, որը կարտադրվի Հայաստանում, կարող է առանց մաքսատուրքի արտահանվել ԵԱՏՄ անդամ անդամներ երկրներ, հատկապես Ռուսաստան: Պողոսյանը խոսեց նաև երկրորդ առավելության մասին՝ հիշեցնելով, որ ԵԱՏՄ-ն և Իրանը առևտրի համաձայնագիր ենք կնքել: Դա նշանակում է, որ ամեն ինչ, ինչ կարտադրվի եվրասիական տնտեսական միության շուկայում, այդ թվում նաև Հայաստանում, կարող է հեշտությամբ արտահանվել Իրան: Որպես երրորդ առավելություն նա հիշեցրեց, որ Հայաստանն օգտվում է ԵՄ-ի GSP+ համակարգից:
Պողոսյանն անդրադարձավ հայկական արտադրանքի՝ չինական շուկա մուտքին: «Հայաստանը Չինաստան է արտահանում մի քանի մլն դոլարի ապրանք, բայց ցավոք, դրա 97 տոկոսը պղինձ է: Հայաստանը այլ բաներ ևս ունի՝ առաջարկելու Չինաստանին»,-ասաց նա ու նշեց գյուղատնտեսական արտադրանքի, սննդի, գինու, հատկապես տեխնոլոգիական արտադրանքի մասին:
Պողոսյանն այս առումով կարևորեց՝ հասկանալու Չինաստանի տեխնոլոգիական շուկան, թվային շուկան: Նա նշեց Հայաստանի և Չինաստանի հարաբերությունների մասին՝ նկատելով, որ չինական շուկա մուտքի համար աշխարհաքաղաքական խոչընդոտներ չկան:
ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահեն Քերոբյանն էլ շեշտեց, որ Չինաստանը Հայաստանի համար ապրանքների արտահանման հիմնական ուղղություններից է: Արտահանումը դեպի Չինաստան կազմում է 300 մլն դոլար: Սակայն Չինաստան արտահանվող ապրանքները գրեթե 100 տոկոսով հանքահումքային ապրանքներ են։ Շատ չնչին է նաև դեպի Չինաստան ծառայությունների արտահանումը: «Այժմ վերանայվում է մեր արտահանման քաղաքականությունը, որտեղ մենք շեշտադրումները փոխելու ենք բարձր աճի պոտենցիալ ունեցող բարդ ապրանքների արտահանման վրա։ Այդ առումով մեր ուշադրության կենտրոնում են լինելու այն ընկերությունները, ովքեր ունեն նորարարական ուղղություն, աճի մեծ պոտենցիալ և մեծ նպատակներ»,-ասաց նախարարը:
Քերոբյանը նշեց, որ իր տեղակալը, նախարարության մասնագետները կազմակերպված քննարկումից փորձելու են տանել այն բոլոր օգտակար մտքերը, որոնք կօգնեն ձևավորել չինական օրակարգն այնպես, որ կարողանան բեկում մտցնել այսօրվա իրավիճակի մեջ։
Կոնֆուցիոսի ինստիտուտի տնօրեն Գոռ Սարգսյանն էլ խոսեց երկու ժողովուրդների միջև հանրային երկխոսության կարևորության մասին: Ըստ նրա՝ մեդիան լավագույն գործիքն է՝ ներկայացնելու մեկը մյուսին: Ինստիտուտի տնօրենը, սակայն, նկատեց, որ հիմա ինֆորմացիայի պակաս կա: Նա այս առումով շեշտեց նաև կառավարությունների պրոակտիվ աշխատանքի կարևորության մասին: