Խափանման միջոցի փոփոխության միջնորդություն կներկայացնենք, «Հայաստան» դաշինքի պատգամավորները պատրաստ են անձնական երաշխավորություն ստանձնել․ Ա․ Առուշանյանի պաշտպան
Tert.am-ը գրում է. Գորիս քաղաքի Ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է համայնքապետ Առուշ Առուշանյանի գործով դատական նիստը։ Առուշ Առուշանյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ փաստացի ներկա պահին գտնվում են դատական քննության փուլում։
«Նախորդ դատական նիստի ժամանակ քննարկվել է պարոն Առուշանյանի նկատմամբ տեսակցությունների և հեռախոսազանգերի սահմանափակման իրավաչափության հարցը, մենք միջնորդություններ էինք ներկայացրել, որ այդ սահմանափակումները ամբողջությամբ կամ մասնակի վերացվեն»,–ասաց նա։
Պաշտպանը նշեց, որ այս դատական նիստին դատախազն է իր դիրքորոշումը ներկայացնելու, այնուհետև դատարանն իր որոշումը կկայացնի, որից հետո մտնելու են բուն դատական քննության փուլ։
«Որոշակի փուլ անցնելուց հետո, ապացույցներ ներկայացնելուց հետո պաշտպանության կողմը պատրաստվում է ներկայացնել միջնորդություն խափանման միջոց ընտրված կալանավորումն ավելի մեղմ տեսակի խափանման միջոցով փոխարինելու վերաբերյալ, խոսքը վերաբերում է թե՛ գրավին, թե՛ անձնական երաշխավորությանը»,–ասաց նա։
Էրիկ Ալեքսանյանը նշեց, որ արդեն «Հայաստան» խմբակցությունից պատգամավորներ են եկել Գորիս՝ աջակցելու Առուշ Առուշանյանին և պատրաստ են անձնական երաշխավորություն ստանձնել։ «Ամեն դեպքում բավականին դրական ենք տրամադրված և հույս ունենք, որ դատարանը կգտնվի իր բարձունքում՝ կկիրառի օբյեկտիվություն և կիրականացնի արդարադատություն»,–հավելեց նա։