Ընդդիմադիր պատգամավորները «Հաց բերողին» ազատելու միջնորդություն և երաշխավորություն են ներկայացնելու
ԱԺ քառօրյա նիստի սկզբում այսօր բարձրացվեց նաև «Հաց բերող» անունը ստացած Արթուր Սարգսյանի կալանքի ու առողջության հետ կապված հարցը:
Պատգամավոր Էդմոն Մարուքյանը Ազգային Ժողովին տեղեկացրեց, որ այսօր առավոտյան ինքն ու Նիկոլ Փաշինյանն այցելել են Արթուր Սարգսյանին, որը 17 օր հացադուլի մեջ է, և վիճակը շատ ծանր է:
«Հիմա նրա կյանքը փրկելու միակ միջոցը խափանման միջոցը փոխելն է, ինչի վերաբերյալ միջնորդություն ենք պատրաստել, անձնական երաշխավորություն: Եվ եթե մեր գործընկեր պատգամավորները կցանկանան, կարող են միանալ, ներկայացնենք Գլխավոր դատախազին՝ խափանման միջոցը փոխելու համար, ինչի արդյունքում այդ մարդու կյանքը կփրկվի»,- ասաց Մարուքյանը:
Պատգամավորներ Տիգրան Ուրիխանյանը և Հեղինե Բիշարյանը նույնպես «Հաց բերողին» ազատելու կոչեր արեցին: Հեղինե Բիշարյանն ասաց, որ նրան կալանքի տակ պահելու որևէ առիթ չկա, Արթուր Սարգսյանը որևէ հանցանք չի գործել: