211652_close_icon
views-count23712 դիտում article-date 20:54 15-10-2021

Խոշոր ավտովթար Երևանում. «Բելաջիո» ռեստորանի դիմաց բախվել են Toyota Corolla-ն ու ГАЗ 3110-ը. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ հոկտեմբերի 14-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:20-ի սահմաններում Մյասնիկյան պողոտայում «Բելաջիո» ռեստորանային համալիրի դիմաց բախվել են  Երևանի բնակիչներ, 65-ամյա Արա Ազարյանի վարած ГАЗ 3110 մակնիշի և 38-ամյա Հովհաննես Խաչատրյանի վարած Toyota Corolla մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ա. Ազարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց:

Օպերատիվորեն դեպքի վայր է ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության  Երևանի թիվ 8 հրշեջ-փրկարարական ջոկատից  1 մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել  ГАЗ 3110 –ի գազաբալոնն ու վիրավորին մոտեցրել օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խմբին:

Օպերատիվորեն ժամանել են նաև  ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի  4-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի, 3-րդ վաշտի հրամանատար Սարգիս Կիրակոսյանի գլխավորությամբ:

Պարեկներ Ռազմիկ Լալայանն ու Գագիկ Հարությունյանը սահմանազատել են տարածքը և տեղում ուժեղացված ծառայություն են կատարել, որպեսզի հետաքրքրասեր վարորդները մեքենաները չկայանեն, որ հրշեջ-փրկարարներն ու բժիշկները կարողանան առանց խաչընդոտի աշխատել:

 Վթարի մասին  պարեկային ծառայության Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել են  պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է  հերթապահ խումբը՝   բաժանմունքի պետ Գրիգոր Ավետիսյանի, ավագ հետաքննիչ Խաչիկ Գինոսյանի գլխավորությամբ:

Փաստի առթիվ Խ. Գինոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:

Ֆոտոլրագրողը  հայտնում է, որ վարոդներին մինչ հրշեջների  ու բժիշկների ժամանումը, օգնություն են ցուցաբերել  «Բելաջիո» ռեստորանային համալիրի աշխատակիցները:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները՝  Կարեն Գրիգորյանի
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 28+
28+

Նմանատիպ նյութեր