Երբ Մարտակերտում հողը վարելիս ադրբեջանական կողմի կրակոցից 55-ամյա քաղաքացի է սպանվել, տարածքում ռուս խաղաղապահներ են եղել. Tert.am
Արցախում ադրբեջանական կողմի կրակոցից սպանվել է Մարտակերտի 55-ամյա բնակիչ: Այս մասին Tert.am-ին հայտնեց Մարտակերտի քաղաքապետ Միքայել Գյուրջյանը:
Նրա տեղեկացմամբ՝ դեպքը տեղի է ունեցել մոտ 1 ժամ առաջ: Սպանված քաղաքացին արտը վարելիս է եղել:
«Հողն էր վարում՝ գարի ցանելու համար: Ռուսը կողքը նստած՝ սպանել են: Կրակել են մեր հողերի ուղղությամբ: Սահմանից մինչև այդ հատված հեռավորությունը 1-2 կիլոմետր է մոտավորապես»,-ասաց նա՝ նշելով, թե ռուս խաղաղապահ զորքերի մի քանի ներկայացուցիչներ այդ տարածքում են եղել:
«Խաղաղապահներից մեկը նստած է եղել տրակտորում: 5-6 հոգի տարածքում են եղել»,-ասաց Գյուրջյանը՝ նշելով, թե այս պահին Ոստիկանությունն աշխատում է տարածքում, այլ մանրամասների չեն տիրապետում:
Գյուրջյանի խոսքով՝ Մարտակերտում ընդհանուր վիճակը հանգիստ է եղել:
Ավելի ուշ Արցախի ոստիկանությունը տեղեկացրեց, որ սպանվածը Մարտակերտի բնակիչ Արամ Տեփնանցն է (ծնված 1966թ.):