211652_close_icon
views-count57347 դիտում article-date 16:44 08-10-2021

Երևանի 108 միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ լեգենդ դարձած կապուտաչյա հերոսի՝ Սամվել Գևորգյանի մեծարման երեկոն և գրքի շնորհանդեսը. դու կապույտի նման ջինջ էիր ու մաքուր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր` հոկտեմբերի 8-ին, Երևան քաղաքի համար 108 միջնակարգ դպրոցի դահլիճում հուշի և մեծարման երեկո էր։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այն նվիրված էր արցախյան 44-օրյա պատերազմում իր ծննդյան 20-ամյակի նախօրեին նահատակված, դպրոցի շրջանավարտ Սամվել Գևորգյանի հիշատակին։ Նաև Աննա Մկրտչյանի հեղինակած «Կապուտաչյա հերոսը« գրքի շնորհանդեսն էր։

Գրքում զետեղված են հերոսի կյանքի ոչ միայն  վերջին 2-3 տարիների իրադարձությունները, այլև մտքերը, որոնցով առաջնորդվել է 20 գարուն չապրած, դպրոցի սաների և ուսուցչական կոլեկտիվի համար լեգենդ դարձած Սամվելը։ 

Գրքից ծանոթանում ենք, որ հերոսը բազմաթիվ պայծառ նպատակներով, մարդկության հանդեպ մեծ սիրով, կյանքի յուրաքանչյուր ակնթարթը գնահատող անհատականություն էր։ Սակայն ճակատագիրը, ինչպես բազմաթիվ առյուծ ու արծիվ զինվոր տղերքի համար, Սամվելի համար էլ էր պատրաստել անսպասելին։

Մինչ միջոցառումը սկսելը, ներկաները 1 րոպե լռությամբ հարգեցին հերոսների հիշատակը, որից հետո Սամվելի դասղեկը ներկայացրեց որոշ դրվագներ Սամվելի դպրոցական կյանքից։ Ապա դպրոցի սաները իրենց երգ ու ասմունքով ներկայացան ներկաներին։ 

Միջոցառման ժամանակ Սամվելի մասին համառոտ ներկայացրեց քույրը, ով նաև իր երախտիքի խոսքն ուղղեց գրքի հեղինակին։ 

Միջոցառումից հետո ներկաները մեկնեցին հերոսի շիրիմին՝ խնկարկելու և ծաղիկներ խոնարհելու։ 

Սամվել Համբարձումի Գևորգյանը ծնվել է 2000 թ. հոկտեմբերի 9-ին, Երևանում:

Ավարտել է թիվ 108 միջնակարգ դպրոցը: Աչքի է ընկել բարձր առաջադիմությամբ: Դպրոցական տարիներին զբաղվել է քիքբոքսինգ մարզաձևով, գրանցել բազում հաղթանակներ, արժանացել մեդալների և պատվոգրերի:

Դպրոցական տարիքում արդեն որոշել էր իր ապագա մասնագիտությունը. գաղափար ուներ ծրագրավորման տարբեր ճյուղերից ու միշտ պատրաստակամ օգնում էր բոլորին: 2015թ. հաճախել է ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն:

Դպրոցը գերազանց ավարտելուց հետո, վստահ իր կարողություններին, ընդունվել է Երևանի պետական համալսարանի ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ: Առաջին կիսամյակից հետո՝ 2019թ. հունվարի 22-ին, մեծ ոգևորությամբ ու բարձր տրամադրությամբ մեկնել է պարտադիր ժամկետային ծառայության:

Առաջին վեց ամիսը ծառայել է ուսումնական զորամասում՝ Լուսակերտում: Այդ ընթացքում նա հմտացել է իր մասնագիտության մեջ՝ որպես հրետանավոր: Վեցամսյակն ավարտել է բարձր առաջադիմությամբ և արժանացել է կրտսեր սերժանտի կոչմանը, ապա տասնօրյա արձակուրդից հետո մեկնել է Արցախ:

Որպես հրետանավոր, հաշվարկի հրամանատար, նա ծառայում էր Ներքին Հորաթաղի զորմասում: Զինվորի ու բանակի մասին միշտ մեծ ոգևորությամբ էր պատմում: Ասում էր՝ իսկական ըներներ ձեռք ես բերում բանակում, սկսում ես կյանքին այլ ձև նայել և գնահատել ապրածդ ամեն վայրկյանը:

Սամվելը ընկերասեր էր, սիրում էր ընկերություն անել իրենից տարիքով մեծ մարդկանց հետ, ումից սովորելու բան ուներ: Պատերազմի ընթացքում այնպես էր խոսում, ինչպես մնացած բոլոր օրերին՝ բարձր տրամադրությամբ, ասես պատերազմի դաշտում չէր:

Սամվելն ամեն օր զանգում էր, հարցնում՝ հարազատներն ինչպես են, իսկ այն հարցին, թե ինքը ինչպես է միշտ պատասխանում էր՝ ինձ ինչ է եղել, շատ լավ եմ, մեր մոտ հանգիստ է: Վերջին անգամ հարազատների հետ խոսել է հոկտեմբերի 7-ին:

Հոկտեմբերի 9-ին նրա 20-ամյակն էր, հենց այդ օրն էլ ընտանիքը տեղեկանում է, որ հոկտեմբերի 8-ի առավոտյան Սամվելը հավետ փառքով է պսակել իր անունը…

Հավերժ փառք մեր կապուտաչյա հերոսին:

Պատերազմի ընթացքում նրա սխրանքների մասին ընտանիքին պատմել են ընկերները:

​ Սամվելը զոհվել է Մատաղիսի պաշտպանության ժամանակ՝ անօդաչուի հարվածից: Հետմահու արժանացել է արիության համար մեդալի:


Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի 

Մանրամասները՝ տեսանյութում։ 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 242+
242+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր